Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է. Արթուր Սողոմոնյան
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։
«Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը:
Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելի:
Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:
Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ:
Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով՝ անհնար է աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:
Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում:
Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փառահեղ պատմությունը, որը վերջին տարիներին ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:
Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում:
Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար:
Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու կգան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացմամբ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ ուրախացել են հաղթանակներով: Մենք իսկապես պատմական արդյուքների հասանք, ու ես հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով»: