Էդուարդ Շարմազանովի կոչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. Թող գա՝ իր թիմին տեր կանգնի

«Զարմանալի կլինի, եթե անկախ հանրապետության քաղաքական ուժերից որևէ մեկի ղեկավարը այլ երկրների մայրաքաղաքում  դաբրո փնտրեր, բայց նույնքան զարմանալի է, երբ երկրի ընդդիմության առաջնորդներից մեկը, մսխելով իր քաղաքական կապիտալը, անլուրջ գործունեությամբ է զբաղվում և ինքն իրեն մտցնում է քաղաքական փակուղու մեջ»,- 168.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին:

Անդրադառնալով  նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե ինքը ՌԴ-ի մայրաքաղաք մեկնել է Սերժ Սարգսյանի կեղծ երդումից հետո և հնարավոր է՝ այդ առաքելությամբ այլ երկրների մայրաքաղաքներ նույնպես այցելի՝ Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանի վերընտրված նախագահը Սերժ Սարգսյանն է:

ՀՀԿ խոսնակը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվեց չմսխել իր քաղաքական կապիտալը և զբաղվել լուրջ գործունեությամբ: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ փառք Աստծո, նա դեռ այդ հնարավորությունն ունի, բայց եթե այսպես շարունակի, լավատեսության հիմքեր գոնե ինքը չունի:

Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ նախագահի նախկին թեկնածուն մեկնեց Մոսկվա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի տրամաբանությունը նույնիսկ նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները չեն հասկանում, պարոն Շարմազանովը որտեղի՞ց բացատրի»:

Կարդացեք նաև

Մամուլում տարատեսակ տեղեկություններ եղան՝ Մոսկվայում Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր հանդիպումների մասին: Է.Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն չունի՞ ինֆորմացիա, թե ում հետ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, թե իր կուսակցությունը  զբաղված է Երևանի ավագանու ընտրություններով: «Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը, որ տարբեր այցերով գնում է այս կամ երկրի մայրաքաղաք: Քաղաքական պրոցեսները տեղի են ունենում ավագանու ընտրությունում, թող գա, տեր կանգնի իր թիմին, «Բարև, Երևանով» զբաղվի»,- կոչ արեց Էդուարդ Շարմազանովը:

Նա վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Մոսկվա բոլորովին էլ դարակազմիկ իրադարձություն չէր և ՀՀԿ-ում էլ առանձնակի ուշադրություն չեն դարձրել դրան: «Նրա այս պայքարի ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ որևէ տրամաբանություն չկա: Եթե էմոցիան հանենք, ես քաղաքական օրակարգ չեմ տեսնում»,- վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս