Իսրայելն էներգետիկ համագործակցության առաջարկ է արել Թուրքիային
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/dogalgaz.jpg)
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելն էներգետիկ համագործակցության առաջարկ է արել Թուրքիային՝ կապված Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Իսրայելի բացառապես տնտեսական գոտում առկա 1.5 տրիլիոն խորանարդ մետր գազային պաշարների հետ:
Այս ամենը տեղի է ունենում «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու ֆոնին: Իսրայելի ԱԳՆ-ի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Մայքլ Լոթեմը երեկ ժամանել է Անկարա և թուրքական կողմին առաջարկել է իսրայելական գազը Թուրքիայի տարածքով փոխադրել դեպի Եվրոպա:
Լոթեմը հայտարարել է, որ ամենահարմար տարբերակը Թուրքիան է, ինչը շահավետ կլինի երկու կողմի համար էլ: Նա հավելել է, որ երկու երկրների միջև առկա տարածաշրջանային խնդիրների կարգավորումը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության առջև: Մասնավորապես, պլանավորված է Իսրայելից Թուրքիա կառուցել գազատար: