ՀՅԴ-ն սթափության կոչ է արել իշխանություններին
Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Աժ ճեպազրույցում՝ անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողություններին՝ ասաց. «Ապրիլի 9-ին մի երդմնակալւթյուն է եղել, որին մենք չենք մասնակցել, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիների հետ միասին՝ որպես քաղաքացիներ էին երդվում»:
Նրա խոսքով՝ իրենք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցելով արտահայտել են իրենց վերաբերմունքն ընտրությունների հանդեպ: «Սա նաև սթափության կոչ էր՝ ուղղված իշխանություններին, որպեսզի օր առաջ նախաձեռնեն արմատական բարեփոխումների իրական գործընթաց»,- նշեց պատգամավորը:
Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում կազմակերպված երդմնակալությանն ու դրան հաջորդած գործընթացներին, ապա Արմեն Ռուստամյանն ասաց.
«Այն, ինչ տեղի ունեցավ հրապարակում, մենք զգուշացնում էինք այդ մասին»: Նաև հավելեց, որ մայիսի 5-ը պետք է համարել կարևոր հնարավորություն շարժումն ուժեղացնելու համար:
«Մի բան է շարժումն իր քաղաքապետով, մի բան է՝ առանց դրա: Մի բան է այդ նույն ճնշումն իշխանությունների վրա քաղաքապետ ունենալով, երբ որ այդ հսկայական լիազորություններն այսօր չեն իրականացվում մենակ այն պատճառով, որ նույն թիմից են, որովհետև դա ձեռք չի տալիս իրենց իրականցնել, իսկ ընդդիմադիր քաղաքապետն առաջինը դա կաներ»,- պարզաբանեց Ա. Ռուստամյանը:
Իսկ հարցին՝ եթե ՀՅԴ-ն մեծամասնություն չդառնան Երևանի ավագանու ընտրություններին, հնարավո՞ր է հրաժարվեն մանդատներից, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Դա ամենահեշտ լուծումն է, ես չեմ կարծում, թե ճիգ է պահանջվում մանդատներից հրաժարվելու համար, որովհետև փոքրամասնություն ես լինելու, լիազորություններն՝ ավելի սահմանափակ: Եթե էդպես լինի, դա նշանակում է պետք է եղած լինեն բավական մեծ կեղծիքներ, և եթե այդ կեղծիքները եղել են, և ընդդիմությունը չի կարողացել դա արձանագրի և ծավալ ներկայացնի, դա նույնպես մեր թերությունն է»: