Պայթող լավայի վրա նստած, լրջագույն մարտահրավերների ֆոնին՝ Նիկոլն ու կինը հեծանիվ են քշում ու լոբի մաքրում․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը որոշել է հեծանվորդ դառնալ, այնպիսի անտրամաբանական վարքագիծ է դրսևորում, որ ցանկացած դիտորդի համար կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանն առնվազն տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է։

Փաստաթղթեր հրապարակվեցին, ըստ որոնց՝ Փաշինյանի երկօրյա հեծանվային ռելաքսի համար պետական բյուջեից ծախսվել է 15 մլն դրամ։ Որքան անզուսպ և ոչ ադեկվատ է երկրի ղեկավարությունը մի իրավիճակում, երբ պետությունը նստած է պայթող լավայի վրա, և մենք անընդհատ ստանում ենք լրջագույն մարտահրավերների ահազանգեր։ Մեր անվտանգության բոլոր բարձիկները բացելու փոխարեն՝ մարդը հեծանիվ է քշում, լոբի է մաքրում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հասկանալի է, որ նա այլ բանով չի կարող զբաղվել, Հայաստանի խնդիրները չի կարող լուծել, և դա ոչ միայն այն պատճառով, որ չի հասկանում դրանք, այլև, որ իրեն դա թույլատրված չէ։ Նա թուրք-ադրբեջանական տանդեմի «կլյուչնիկն» է Հայաստանում, նրան նշանակել են «կլյուչնիկ», ասել են՝ դու սա կանես, իսկ մենք պոստֆակտում քեզ կտեղեկացնենք քո անելիքների մասին։ Իսկ նրա անելիքը շատ պարզ է, մի բանով պիտի զբաղվի, դրա համար գնում ու գյուղացիների հետ լեզվակռվի մեջ է մտնում, ասում է՝ տիկտոկով, ֆեյսբուքով, քնած, արթուն, ջրի վրա, ջրի տակ խոսում եմ, դուք չեք հասկանում՝ ինչ եմ ասում։ Մարդը նստած սպասում է՝ երբ են իրեն սկուտեղի վրա տալու հերթական հանձնվելիք տարածքների ցուցակը, որ նա հանձնի»,- ասաց քաղաքական գործիչը։

«Աշխարհում իրավիճակը պայթյունավտանգ է, Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ ատոմային գերտերության տարածք ներխուժում է լինում։ Մենք սա պետք է հասկանանք, այդ փաստի հետ հաշվի նստենք։ Օրեր առաջ ԵՄ-ն որոշում կայացրեց, որ իրենց ռազմական հրահանգիչները մեկնում են Ուկրաինա։ Բայդենն ասում էր, թե իրենք Ռուսաստանի դեմ կռվելու են մինչև վերջին ուկրաինացին։ Հիմա ակնհայտ է, որ իրենք ուղղակի՝ արդեն իրենց դեմքով, մտնում են այս պատերազմի մեջ։ Օրեր առաջ Թրամփը հայտարարեց, թե աշխարհը կանգնած է Երրորդ աշխարհամարտի շեմին։ Այս ֆոնին Իսրայելն ակնհայտորեն ամեն ինչ անում է Իրանին քաոսի և պատերազմի մեջ ներքաշելու համար։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե Ռուսաստան-Ուկրաինա և Իսրայել-Իրան քաոսից և այս իրավիճակից ինչպես է օգտվելու Ալիևը։ Եվ այս ֆոնին այս տղան հեծանիվ է քշում, կատակներ է անում, գնում ու գյուղացիների հետ լեզվակռվի մեջ է մտնում։ Եվ այս ամենը մեր հասարակությունը հանդուրժում է»,- նշեց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Հայաստանը վերածվել է շապիտո կրկեսի, կլոունադայի, մենք դադարել ենք զգալ և արձագանքել:
«Մեզ այլևս դադարել են ահաբեկել անսպասելի մահերը, զոհերը սահմանին։ Հիշենք՝ ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը ժամանակին։ 2013 թվականին բանակում չորս զոհ ունեցանք, չորսն էլ՝ հակառակորդի կրակոցից։ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, գրառում արեց, թե այս անունների հետևում ճակատագրեր են, և պետք է ամեն ինչ անել, որ այս ամենը չդառնա սոսկ վիճակագրություն։ Տարին դեռ չի ավարտվել, բանակում մենք արդեն ունենք 21 զոհ, որից ընդամենը չորսն է հակառակորդի կրակոցից, 17-ն անհասկանալի ինքնասպանություններ են, այդ թվում՝ շահումով խաղերի պատճառով, և այլն։ Չգիտես ինչու՝ այդ ամենն ընդամենը վիճակագրություն է, ինչպես անանուն վիճակագրություն մնացին 44-օրյայի հինգ հազար զոհերը, անհետ կորածներն ու ռազմագերիները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Ժամանակին Փաշինյանն ասում էր՝ մի ադրբեջանական քաղաք պետք է ընկնի, ծավալուն հոդված էր գրում, թե քանի դեռ Բաքուն իր ռազմատենչ հռետորաբանությունը չի փոխել, մեր բառամթերքից և խոսույթից փոխզիջում բառը պիտի դուրս գա։ Դա տեղադրված է իր էջում, դա կար նույնիսկ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում։ Այսինքն, նա անգամ փոխզիջմանը համաձայն չէր, և նախկին իշխանությունների փոխզիջման օրակարգը, որի հանգրվանը պիտի լիներ Արցախի միջազգային ճանաչումը՝ իրավական հետևանք ունեցող հանրաքվեի արդյունքում, ինքն ու իր խմբակը համարում էին պարտվողական։ 44-օրյա պատերազմի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր՝ «Գյոռբագյոռ 2020», «սա հիշենք պատմության համար», «համարյա Բաքու ենք հասնում», և այլն, և այլն»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս