2008 թվականի օգոստոսյան պատերազմը սկսել է Սաակաշվիլին. Բիձինա Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում չի հանդարտվում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի երեկվա հայտարարության կապակցությամբ բարձրացած դժգոհության ալիքը: Իվանիշվիլին երեկ հայտարարել է, որ իրենք հետաքննելու են 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները: Դա պետք է իրականացնի Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Իվանիշվիլին ընդգծել էր, որ 2008 թվականի օգոստոսին հենց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է սկսել պատերազմ, ինչի հետևանքով Ռուսաստանը ճանաչել է Վրաստանի կազմի մեջ մտնող երկու ինքնավարության ինքնիշխանությունը:
Իվանիշվիլին հավելել էր, որ այդ պատճառով էլ Սաակաշվիլին չպետք է զարմանա, եթե ստանա դատարան ներկայանալու ծանուցագիր: Պաշտոնական Մոսկվան անմիջապես մատնացույց է արել Բիձինա Իվանիշվիլիի այս հայտարարությունը՝ դա որակելով որպես Վրաստանի կողմից ձեռնարկած ագրեսիայի ճանաչում:
Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան իր հերթին հայտարարել էր, որ անկասկած է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը սանձազերծել է Ռուսաստանը: