Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև ռազմական միջադե՞պ է գրանցվել Կասպից ծովում

Ռուսական Аргументы Недели թերթի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթվա վերջին Կասպից ծովում վերստին սրվել է իրավիճակն Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև: Դրա պատճառը (թուրքմենական անվանումը) Սարդար (ադրբեջանական անվանումը՝ Քյափազ) նավթահանքի համար վեճն է:

Այս նավթահանքի պաշարները գնահատվում են 50-100 միլիոն տոննա նավթ և ավելի քան 30 միլիարդ խորանարդ մետր: Նախորդ տարի ադրբեջանցի սահմանապահները թուրքմեններին թույլ չտվեցին հետազոտական աշխատանքներ իրականացնել այնտեղ: Այդ միջադեպը քիչ էր մնում հանգեցներ պատերազմի:

Այս անգամ ադրբեջանցի փորձագետների տվյալներով՝ գործը հասել է նրան, որ թուրքմենական նավատորմը գնդակոծել է ադրբեջանական հորատող սարքը: Դրանով բանը չի ավարտվել: Ասում են, թե Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն անգամ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և սպառնալիքներ է հնչեցրել:

Անգամ նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական օգնություն է խնդրել Մոսկվայից: Դա, մասնավորապես, վերաբերում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի բազան Աստրախանից ու Մախաչկալայից Բաքու տեղափոխելուն: Այդ ռազմական օգնության նպատակն Ադրբեջանի տարածքային ջրերում գտնվող նավթահանքերի ծովային պաշտպանությունն է:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն ամեն գնով ցանկանում է իրագործել «Անդրկասպյան» գազատարի նախագիծը, որով թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով գցվելիք խողովակաշարով պետք է հասցվի Ադրբեջան, ապա նաև Վրաստանի ու Թուրքիայի տարածքով՝ Եվրոպա: Սակայն այս նախագծի իրագործմանը խոչընդոտում են Ռուսաստանն ու Իրանը:

Տեսանյութեր

Լրահոս