Իրանը 1,1 մլրդ դոլար կվճարի ԱՄՀ-ին՝ ազգային արժույթի փոխարժեքի կայունացման համար

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը ստորագրել է հրամանագիր իսլամական հանրապետության կողմից Արժույթի միջազգային հիմնադրամին 1,1 միլիարդ դոլար (46,756 տրիլիոն իրանական ռիալ) գումարի պարտքի մարման մասին։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, որոշումն ընդունվել է ազգային արժույթի փոխարժեքի կայունացման նպատակով։ 2015 թվականին իրանական միջուկային գործարքի կնքումից և Թեհրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների մեծ մասի վերացումից հետո, Համաշխարհային բանկի տվյալներով, Իրանում գնաճի մակարդակը 2013 թվականի 36,6 տոկոսից 2016 թվականին իջել է մինչև 7,2 տոկոս՝ նվազելով գրեթե 30 տոկոսային կետով:

Սակայն 2018 թվականին համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և արևմտյան սահմանափակումների վերականգնումից հետո 2019 թվականին Իսլամական Հանրապետությունում գնաճը կտրուկ բարձրացել է՝ 2023 թվականի վերջին հասնելով 44,6 տոկոսի նշագծին։

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր քաղաքականության գլխավոր առաջնահերթություններն է համարել բնակչության եկամուտների աճը և ռիալի ամրապնդումը:

Տեսանյութեր

Լրահոս