Էդմոն Մարուքյանը՝ օմբուդսմենին. Անձնական հարթության վրա վիրավորանքներ եք տալիս

Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած «2012թ.  ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցին՝ ասաց, որ ինքը հիասթափվել է այդ զեկույցից: Այնուհետ ԱԺ պատգամավորը հետաքրքրվեց, թե որո՞նք են մարդու իրավունքների խախտումների այն 31 դեպքերը. որոնց որոշումների մասին խոսվել է զեկույցում:

Նաև հավելեց. «Դուք նշեցիք այն հարցերի պատասխանը, որ Ձեր լիազորություններից դուրս է՝ նախաքննության մեջ գտնվող, կասեցված  գործերով գնահատականների տալը, որ պետք է սպասեք, որ դրանք ավարտվեն, հետո գնահատական տաք: Կարծում եմ, որ դա ճիշտ մեկնաբանություն չէ: Դուք առանց այդ էլ սահմանափակ լիազորություններ ունեք, և սահմանափակում եք Ձեր լիազորությունները: Ասեմ, թե ինչու. երբ իմ գործընկերը Մարտի 1-ի վերաբերյալ հարց հնչեցրեց, Մարտի 1-ի դեպքերից հետո հարուցված քրեական գործերի ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես եկավ հրապարակային զեկույցով, որով աջակցեց ընթացող նախաքննությանը: Հիմա նույն հարցը տրվում է, որ գործն ընթանում է, ինչո՞ւ որևէ գնահատական չկա դրա հետ կապված, նույն է լ երեկվա  (ապրիլի  9-ին:-Մ.Մ.) դեպքերի հետ կապված` ասացիք, որ պետք է սպասեք, հարցումներ անեք»,- օմբուդսմենին դիմեց Է. Մարուքյանը:

Կ. Անդրեասյանն էլ իր հերթին իր հիասթափությունը հայտնեց իրավաբանների տարածած ոչ ճշմարիտ տեղեկատվության առնչությամբ՝ ասելով, թե՝ մեջբերելով օրենքի մի մասը,  մոլորեցնում են մարդկանց: «Ինձ համար բոլոր պատգամավորները պետական սիմվոլներ են, որոնց հանդեպ ես ունեմ խորը հարգանք, միևնւյն ժամանակ, երբ անակնկալ է մատուցվում առանձին պատգամավորների կողմից այն իմաստով, որ փորձ  է արվում հենց նույն պետական մարմնի տրամաբանությամբ՝ մոլորեցնելով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կամ օրենսդրության հետ կապված խնդիրներում և այսօր հատկապես իրավաբանները պետական մարմիններից, ասենք, Արդարադատության նախարարությունը, դատական դեպարտամենտը, գիտեք, ինձ հաճախ հարցնում են՝ ինչի՞ են, որ իրենք են հատկապես սուր հակազդում Ձեզ: Հուսամ՝ այս երևույթը չի տարածվի իրավապաշտպան պատգամավորների վրա»,- նշեց օմբուդսմենը, ում խոսքով՝ իր համար անընդունելի է , որ վարկաբեկում են իր ներկայացրած զեկույցը:

«Եթե ես չհարգեի այն ուսադիրները, որոնք կրում են բոլոր պետական մարմիններն ու պետական պաշտոնատար անձինք, միգուցե իմ արձագանքը կլիներ սուր, չնայած ես հարգում եմ օմբուդսմենի ուսադիրը և փորձում եմ լինել հնարավորինս կոռեկտ: Չնայած միշտ չէ, որ մարդկայնորեն հեշտ է դեմագոգիային, մոլորեցնելու փորձերին, ստին արձագանքել շատ կոռեկտ ձևով»,- հավելեց նա:

Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ փոխարեն պատասխանելու իր հարցերին՝ օմբուդսմենը անդրադարձավ «հիասթափության հանգամանքին»:

«Չեմ էլ պատրասվում բանավեճի մտնել Ձեզ հետ: Մարդու իրավունքների պաշտպանն էլ ինձ համար է սիմվոլ, էստեղ քննարկում ենք զեկույցը, Դուք ուղղակի անձնական հարթության վրա եք վերցրել քննադատությունը և անձնական հարթության վրա վիրավորանքներ եք տալիս Ազգային ժողովի պատգամավորին»,- նշեց Է. Մարուքյանը:

Իսկ ի պատասխան պատգամավորի հարցին՝ օմբուդսմենը «կարդացող» պատգամավորներին և քաղաքացիներին  խորհուրդ տվեց այդ խախտումների մասին տեղեկություն ստանալ  pashtpan.am կայքում:

Տեսանյութեր

Լրահոս