Մեքսիկայի նախագահը հրաժարվել է Մեխիկոյում ընդունել Արգենտինայի ղեկավարին

Մեքսիկայի ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրաժարվել է ընդունել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որը Մեխիկոյում է գտնվելու ձեռնարկատերերի հետ հանդիպելու և Պահպանողական քաղաքական գործողությունների խորհրդաժողովին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ, որովհետև ես համաձայն չեմ նրա մտածելակերպի ու կենսակերպի հետ», – ամենօրյա մամուլի ասուլիսում հայտարարել է Լոպես Օբրադորը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա մտադիր է ընդունել Միլեյին:

«Սակայն նա (Միլեյը) ազատ է (իր գործողություններում): Եվ Մեքսիկայի կառավարությունը մի բան է, իսկ Մեքսիկայի ժողովուրդը` մեկ այլ բան: Մեր ժողովուրդը միշտ շատ հյուրընկալ է եղել», – հավելել է նախագահը:

Ինչպես հայտնել է Արգենտինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադոռնին, Միլեյը Մեքսիկայում կգտնվի օգոստոսի 23-ից մինչև 24-ը։Արգենտինայի ղեկավարը քանիցս քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից արտասահման կատարած իր հաճախակի ուղևորությունների համար, որոնց մեծ մասը պետական ​​այցեր չեն եղել։

Ընդհանուր առմամբ, Միլեյն աշխատանքի ութ ամսվա ընթացքում կատարել է տասներեք արտասահմանյան ուղևորություն։ Նախագահը, որն իրեն ներկայացնում է որպես ազատատենչ և անարխո-կապիտալիստ, բազմիցս Արգենտինայի առաջնահերթ գործընկերներ է համարել Արևմուտքի երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին և Իսրայելին:

Տեսանյութեր

Լրահոս