Կիևին տվյալներ փոխանցելու համար Հարավային ռազմական օկրուգի կին ծառայող է ձերբակալվել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի վարչությունից հայտնում են, որ պետական դավաճանության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներին տեղեկություններ փոխանցելու կասկածանքով Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից մեկի կին ծառայող է ձերբակալվել։

«Հաստատվել է, որ Դոնի Ռոստովի բնակչուհին «Signal» մեսենջերով կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցչի հետ։ Գործելով ուկրաինական կողմի հանձնարարությամբ՝ 2023 թվականի հունվարին նա ծառայության է անցել ՀՌՕ զորամասերից մեկում, որտեղ տարբեր տեղեկություններ է հավաքել օկրուգի կազմի մեջ մտնող զինանոցների, բազաների և պահեստների մասին։ Հավաքագրված տվյալները նա մեսենջերով նամակագրության միջոցով փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայությանը։ Կասկածյալը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածից առգրավել են կապի միջոցներ, որոնք նա օգտագործել է ուկրաինական կողմի ներկայացուցչի հետ շփումների համար: Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 275-րդ հոդվածի հատկանիշներով (պետական դավաճանություն):

Տեսանյութեր

Լրահոս