Ներսես Նազարյան. Սադրիչներին ման եկեք ձեր մեջ (տեսանյութեր)
Այսօր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախմանը ներկա էր նաև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը: Նա թերահավատորեն էր վերաբերվում լրագրողների ու ակտիվիստների հարցադրումներին, թե ՀՀ նախագահականի դիմացի մայթին հավաքված երիտասարդներին ՀՀ նախագահի նստավայրի դիմացից ոստիկանների հետ մեկտեղ քաղաքացիական հագուստով անձինք էին կոպտորեն հրում:
168.am-ի դիտարկմանը, թե տեսագրություններ կան այդ առնչությամբ, Ներսես Նազարյանը պատասխանեց. «Ֆիքսած ունե՞ք: Դե կբերեք վաղը ինձ մոտ այդ հարցով մենք կզբաղվենք, ծառայողական քննություն կանցկացվի և ամեն ինչ կպարզաբանենք»:
Ակտիվիստներից մեկըի հարցադրմանը, թե ի՞նչպես եք վարվելու այդ սադրիչ ոստիկանների հետ, Ն. Նազարյանը հակադարձեց, թե ոստիկանները սադրիչներ չեն ու «սադրիչներին ման եկեք ձեր մեջ»:
Երիտասարդները հետաքրքրվեցին նաև այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունից հետո բերման ենթարկված բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանի և Վարդգեսի մասին:
Ներսես Նազարյանն այս առնչությամբ ասաց, թե նրանք վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ անկարգություն հրահրելու համար: «Մի երկու օր առաջ պատգամավորները, նույն Արմենը Մարտիրոսյան, եկավ ինձ մոտ, նստեցինք, խոսեցինք, մենք իրենց բացատրեցինք, որ այդ օրը ոչ թե փակ է նրա համար, որ երթ եք անելու, այլ միջոցառում է: Քանի որ կազմակերպիչը իրենք են, իրենց զգուշացվել է ու իրենք էլ շատ լավ գիտեին, որ այստեղ այսօր գալ չի կարելի»,- նշեց նա:
Ն. Նազարյանը ավելացրեց, որ իրենք այս շարժման մեջ վտանգ են տեսնում: Նաև հավելեց, թե արձանագրություն է կազմվում, որից հետո ակտիվիստներին բաց են թողնելու ոստիկանական բաժանմունքներից, ինչի համար Նազարյանը պատրաստ էր անգամ երդվել. «Կերդվեմ էլ»,- ծիծաղելով ասաց նա:
Մանրամասները 168.am-ի տեսանյութերում: