Քանի Հայաստանն ու Արցախը ազատագրված չեն, ես չեմ լռելու, չեմ հնազանդվելու. Գերասիմ Վարդանյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրված Քր․ օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը, որով պայմանավորված՝ դատարանը 2 ամսով կալանավորել է նրան։

«Երկու անձի միջև ինչ-որ խոսակցություն են հրապարակել գումարի վերաբերյալ, որը որևէ կերպ չի հաստատում, որ Վարդանյանն ինչ-որ անձի գումար է տվել առհասարակ ինչ-որ հավաքի մասնակցելու համար։ Հանցակազմի օբյեկտիվ կողմը, որպես այդպիսին, էս նյութերով առկա չէ»,-այդ ժամանակ ասել էր Գերասիմ Վարդանյանի պաշտպան, փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ փաստական որևէ տվյալ չկա, որը կհաստատի, որ Գերասիմ Վարդանյանը որևէ անձի որևէ կերպ նյութապես շահագրգռել է որևէ հավաքի մասնակցելու համար։

Այսօրվա նիստի մեկնարկին Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ Բենիկ Գալստյանն այլևս չի պաշտպանելու իր շահերը, և իրեն այսուհետ կներկայացնեն փաստաբաններ Սերգեյ Հարությունյանը ու Սոսե Չանդոյանը: Վերջինս նոր էր ներգրավվում դատապրոցեսին, հետևաբար՝ թե՛ Գերասիմ Վարդանյանի, և թե՛ պաշտպանական թիմի դիրքորոշումն այն էր, որ այսօրվա դատական նիստը պետք է հետաձգել, մինչև պաշտպաններն ամբողջությամբ ծանոթանան քրեական վարույթի նյութերին:

Կարդացեք նաև

Մինչ դատարանը որոշում կկայացներ, Գերասիմ Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Վերջինս նախ ասաց, որ երբ վերջին անգամ՝ երկու տարի առաջ, իրեն ՔԿՀ-ից բերել էին դատարան, ինքն ասել էր, որ եթե այսպես շարունակվի, Արցախը կկորցնենք:

«Ու հիմա Արցախը չկա… Անցել է 2 տարի: Ես չգիտեմ՝ ևս երկու տարի հետո Հայաստան լինելո՞ւ է, թե՞ չէ: Հիմա նորից այս դահլիճում ես ասում եմ՝ եթե մենք գնացինք էս ճանապարհով, եթե այս ամեն ինչը շարունակվեց, Հայաստանը ևս չի լինելու: Եվ ես չգիտեմ՝ իմ մյուս դատավարությունը Հայաստանի՞ դատարաններում է լինելու, թե՞ Բաքվի»,- ասաց նա:

Գերասիմ Վարդանյանը պնդեց՝ սա քաղաքական հետապնդում է և արվում է իրեն լռեցնելու, հնազանդեցնելու համար:

«Ինձ լռեցնել հնարավոր է միայն ու միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ: Քանի Արցախն ազատ չէ, ես չեմ լռելու, քանի Հայաստանն ամեն օր շղթայվում է, ես չեմ հնազանդվելու: Այս պայքարը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանը հաղթանակ չի ունեցել»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս