«Երևանի ավագանին դարձել է քաղաքապետին կցված, բուտաֆորիկ մարմին»
«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի առաջին հանդիպումն այսօր անցկացրեց Արաբկիր վարչական շրջանում: Առողջապահության ազգային ինստիտուտի դահլիճում կազմակերպված բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էին կուսակցության Երևանի ավագանու ցուցակը գլխավորող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Հանդիպմանն առաջինը ելույթ ունեցավ Հովհաննես Շահինյանը: Նա խոսեց ավագանու ինստիտուտի կայացվածության մասին և նշեց, որ երևանցիների մեծ մասը չի ճանաչում իր ավագանիներին: Նրա կարծիքով, ընտրովի թաղապետերին փոխարինած նշանակովի վարչական շրջանների ղեկավարները պակաս պատասխանատու են իրենց զգում ընտրողների առջև:
«Վարչական շրջանների ղեկավարներն առանձնապես պատասխանատվություն չեն զգում իրենց քաղաքացիների նկատմամբ: Նշանակովի մարդիկ են, տարբեր հոսանքների կողմից միջնորդված: Նշանակովի մարդիկ են և իրենց հարաբերությունները փորձում են իրենց նշանակողի հետ պահպանել»,- ասաց Հովհաննես Շահինյանը: Նա խոսեց նաև համատիրությունների մասին. «Համատիրություններն այդպես էլ չդարձան ինքնուրույն, առանձին միավորներ, որոնք պետք է սպասարկեն բնակիչների շահերը: Հակառակը՝ այսօր համատիրությունների մեծ մասի ղեկավարները վեր են ածվել վարչական շրջանների ղեկավարների սպասավորների, քանի որ նշանակվում են նրանց կողմից: Եվ, մոռանալով իրենց բուն գործառույթները, իրավասություններն ու լիազորությունները, իրենց ինքնուրույնությունը հանձնել են վարչական շրջանների ղեկավարներին` դառնալով ընտրությունների ընթացքում նրանց պահանջները սպասարկող մարմիններ»:
2009 թվականից՝ «Երևանի մասին» օրենքի կիրառումից հետո, ընտրովի թաղային համայնքների ղեկավարների պաշտոնները վերածվեցին վարչական շրջանների նշանակովի ղեկավարների պաշտոնների, որոնց, իր հերթին, ղեկավարում է մայրաքաղաքի ավագանու կողմից ընտրված քաղաքապետը: Կառավարման այդ նոր մոդելը որոշ խնդիրներ առաջացրեց: «168 Ժամի» հետ զրույցում Հովհաննես Շահինյանը նշեց, որ անցած չորս տարիները ցույց տվեցին այդ համակարգի խոցելի կողմերը, որոնք ունեն նաև քաղաքական պատճառներ: «Խոսքս վերաբերում է Երևանի ավագանու չկայացվածությանը:
«Երևանի մասին» օրենքի փիլիսոփայության համաձայն՝ ավագանին պետք է կատարի քաղաքային խորհրդարանի գործառույթներ: Այսինքն՝ ի թիվս այլ պարտականությունների, հաստատի քաղաքային խոշոր ծրագրերը և, ամենակարևորը՝ վերահսկի դրանց ընթացքը: Դժբախտաբար, անցած տարիները ցույց տեցին, որ Երևանի ավագանին իրականում վերածվել է քաղաքային գործադիր իշխանության որոշումները դակող մարմնի: Ավագանին կարճ ժամանակում դարձավ Երևանի քաղաքապետին կցված մարմին, որը կարծես ավելի շատ բուտաֆորիկ նշանակություն ունի: Պատահական չէ, որ անցած չորս տարիներին չի եղել քաղաքապետի որևէ որոշում, որին ավագանին դեմ է արտահայտվել, առավել ևս՝ մերժել է այն: Այն դեպքում, երբ իրականում ավագանին պետք է լինի քաղաքապետի գործունեության վերահսկողը, քաղաքային բյուջեն հաստատողն ու դրա ծախսման ընթացքը վերահսկողը»,- նշեց Հովհ. Շահինյանը:
Նրա համոզմամբ՝ կառավարման այս մոդելի մյուս ամենակարևոր թերություններից մեկը համայնքային իշխանությունների ոչնչացումն էր՝ բառի բուն իմաստով: «Համայնքային իշխանությունները՝ ընտրովի թաղապետերն ու ավագանին, անկախ ամեն ինչից, կայացած համակարգեր էին, որոնք ուղիղ կապի մեջ էին գտնվում բնակիչների, ընտրողների հետ: Մինչդեռ վարչական շրջանների նշանակովի ղեկավարները կարճ ժամանակում դարձան քաղաքային իշխանությանը ստորադասված, գործնականում որևէ իրական լիազորություն չունեցող մարմիններ, որոնց դերն ու նշանակությունը գրեթե այնքան է, որքան Երևանի քաղաքապետարանի որևէ վարչության պարագայում:
Վարչական շրջանների այսօրվա ղեկավարների մեծ մասը գրեթե կապ չունի համայնքային խնդիրների լուծման հետ: Նրանք, ինչպես Երևանի ավագանին, ավելի շատ ցուցադրական, խորհրդանշական նշանակություն ունեն: Ամենակարևորը՝ այսօր վարչական շրջանների ղեկավարների մեծ մասն իր աշխատանքում ամեն ինչ անում է՝ արժանանալու ոչ թե բնակիչների, այլ քաղաքային իշխանության, քաղաքապետի գոհունակությանն ու շնորհակալանքին: Արդյունքում՝ նրանք անիմաստ մրցապայքարի մեջ են մտել և զբաղված են հիմնականում հարկահավաքությամբ: Վարչական շրջաններում գրեթե չի պահպանվում նաև Համայնքային ծառայության մասին օրենքը, համայնքային ծառայողները պաշտպանված չեն օրենքով, քանի որ նշանակովի ցանկացած ղեկավար կամայականորեն կարող է աշխատանքից ազատել երկարամյա փորձ ունեցող ծառայողներին՝ նրանց փոխարեն նշանակելով իր մտերիմներին»,- ասաց Հովհ. Շահինյանը:
Հովհ. Շահինյանը նշեց նաև, որ նաև ի դեմս Արմեն Երիցյանի, ՕԵԿ-ն ընտրությունների է գնում Երևանի քաղաքապետի ամենամրցունակ թեկնածուով: «Արմեն Երիցյանը տարիներ շարունակ կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգում և միշտ արդարացրել է իրեն վերապահված պատասխանատվությունը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի աշխատանքը բոլորիս աչքի առջև է: Այդ բնագավառում Արմեն Երիցյանի գործունեությունը ցույց տվեց, որ նա համակարգ կայացնող գործիչ է: Նա, ի տարբերություն շատ ու շատ գործիչների, ավելի քիչ է խոսում, սակայն հսկայական աշխատանք է կատարում: Իսկ Երևանին այսօր առաջին հերթին անհրաժեշտ է այդպիսի քաղաքապետ»,- ասաց Հովհ. Շահինյանը:
Խոսելով ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի մասին՝ Հովհաննես Շահինյանն ասաց, որ նա բավական գործեր արել է, սակայն կարծում են, որ «Օրինաց Երկիրը» կարող է անել ավելին: