Շան հարձակումից տուժած երեխային վիրահատել են․ Նոր մանրամասներ
Երեկ՝ հուլիսի 16-ին, Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մոր և աղջկա վրա, որոնց տեղեփոխել են հիվանդանոց։
Oragir.News-ի հետ զրույցում Ոսկեհասկ գյուղի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը ներկայացրել է դեպքի մանրամասները։
«Ես համայնքապետարանում եմ եղել, զանգեցին, ասացին, որ շունը հասել է ժողովրդի վրա։ Անհապաղ գնացել եմ գյուղ։ Ընթացքից տեղեկացա, որ բոլորին տեղափոխում են հիվանդանոց։ Ճանապարհին նրանց դիմաց դուրս եկանք, միասին տեղափոխեցինք հիվանդանոց։
Մայրը ու երեխան հյուր էին գնում, հետ գալուց, շունը հարձակվել է։ Մայրը օգնություն է կանչել, գյուղացիները հասել են օգնության»,- ասել է նա։
Մուշեղ Սահակյանը նաև նշել է, որ թափառական շների հարցով վաղուց էին զբաղվում։
«Որ ասեմ՝ ահավոր վիճակ է, շները շատ են մեզ մոտ, սուտ կլինի։ Բայց շուն են ամեն դեպքում։ Պետք է այդ հարցով զբաղվել, արդեն ընթացքի մեջ է։ Բնակավայրերից հերթականությամբ շներին հեռացնելով գալիս են»,-նշել է նա։
Վարչական ղեկավարի տեղեկություններով՝ վիրավոր երեխային տեղափոխել են Երևան, իսկ մնացածին Գյումրու ԲԿ։
Կայքի տեղեկություններով՝ երեխային, ով ուներ վնասվածքներ քթի շրջանում և դեմքի հատվածում, գիշերը վիրահատել են։ Մյուս քաղաքացիներն արդեն դուրս են գրվել։
Հուլիսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա, կան տուժածներ։