Թետչերի աճյունը դիակիզելու են
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մահացած Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթե լեդի» Մարգարետ Թետչերին հրաժեշտ տալու արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնի Սուրբ Պավել եկեղեցում: Այս մասին հայտնելու է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Հանդիսավոր արարողությունից հետո, որի ժամանակ զինվորական պատիվ կտրվի նախկին վարչապետին, Թետչերի դիակը կդիակիզվի հարազատների ու մերձավորների ներկայությամբ: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ արարողությունը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի կեսին Թետչերը հայտարարել էր, որ չի ցանկանում, որ իր թաղումը կատարվի այնպես, ինչպես ընդունված է նման դեպքերում: Նա խնդրել էր, որ իր դագաղին մոտ թողնեն միայն մտերիմներին, հատուկ հրավիրված անձանց ու պատգամավորներին, իր ժամանակվա քաղաքական գործիչներին՝ ներառյալ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Թետչերն ընդգծել էր, որ չի ցանկանում՝ կրկնվի Ուինսթոն Չերչիլի թաղման սցենարը, որի դագաղը 1965 թվականին 3 օր դրված է եղել հանրության աչքի առջև ու նրան հրաժեշտ տալու են եկել հազարավոր բրիտանացիներ: