Նիկոլ Փաշինյան. Կա՛մ ընկերությունն ընկերություն չի, կա՛մ հանձնաժողովը հանձնաժողով չի, կամ էլ…
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում մենաշնորհներ չկան, այլ կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ՝ ասաց, թե դա սենսացիոն հայտարարություն է: Սա, սակայն, ըստ պատգամավորի զարմանալի չէ, քանի որ վերջին մի քանի նիստերին ԱԺ հանձնաժողովների հաշվետվություններ, հաղորդումներ կամ ծրագրեր են լսում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էլ ասել էր, թե Հայաստանում ընտրախախտումներ չեն եղել, թեև բոլորն էլ գիտեն, որ ընտրությունները կեղծվում են:
Ինչ վերաբերում է Ա. Շաբոյանի այն դիտարկմանը, թե ՀՀ-ում շաքարավազի ներմուծմամբ զբաղվում են նաև «Գրանդ քենդի» և «Կոկա-կոլա» ընկերությունները, Ն. Փաշինյանն ասաց. «Եկեք-գնանք՝ ցույց տվեք, թե էդ ո՞ր խանութներում են «Գրանդ քենդին» կամ «Կոկա-կոլան» շաքարավազ վաճառում»:
Ն. Փաշինյանի խոսքով՝ եթե «Կարֆուրը» մուտք գործի Հայաստան, ապա մի շարք մենաշնորհներ իրենց նախկին տեսքով գոյություն ունենալ չեն կարող, իսկ այդ մենաշնորհները, ըստ պատգամավորի, հարկավոր են իշխանությանը: «Իսկ այդ մենաշնորհները պարտադիր են օլիգարխիկ համակարգի համար: Ի դեպ, օլիգարխիայի մասին՝ ինձ համար շատ զարմանալի է, երբ Արտակ Շաբոյանը չգիտի կամ չի ուզում խոստովանել, որ գիտի օլիգարխիա տերմինի ձևակերպումը»,- նկատեց Ն. Փաշինյանը, ով հատուկ Ա. Շաբոյանի համար բառարանից ընթերցեց օլիգարխիա բառը սահմանումը:
«Ասում եք՝ օլիգարխիան կապ չունի մրցակցության հետ: Էստեղ ելույթ ունեցողները խոսեցին խոշոր սուպերմարկետների մասին, էդ խոշոր սուպերմարկետների տերերի 70%-ն ԱԺ պատգամավորներ են»,- ասաց պատգամավորը, ում ասելով՝ եթե այդ բիզնեսմեններին տանեն մցրակցության դաշտ, ապա նրանք շատ շուտ կսնանկանան:
Նա անդրադարձավ նաև «Արմավիա» ընկերության սնանկացման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ իր զարմանքը հայտնելով, թե արդեն մեկ շաբաթ է, ինչ մամուլն ինտենսիվ գրում է չվերթների ուշացման մասին, որ սպառողները տոմսերը գնել են, բայց չեն կարողանում մեկնել, մինչդեռ Ա. Շաբոյանն այսօր է հանձնարարել հանձնաժողովի անդամներին զբաղվել հիշյալ հարցով:
«Խնդիրն իրականում ամբողջ տնտեսական համակարգի մեջ է, որ ՀՀ ԿԸՀ-ն ձևավորվել է ընտրակեղծիքները քողարկելու համար, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաողովը ձևավորվել է տնտեսական մրցակցությունը քողարկելու համար, Հանրապետական կուսակցության ղեկավարն ասում է՝ Հայաստանում օլիգարխներ չկան,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության պատգամավորը, ով ի հավելումը Ա. Շաբոյանի ներկայացրած հաշվետվությանն ու «Կարֆուրի» շուրջ ստեղծված հարցը չլուծելուն՝ ասաց,- Կա՛մ ընկերությունն ընկերություն չի, կա՛մ հանձնաժողովը հանձնաժողով չի, կա՛մ էլ, կներեք էս բառի համար, ինչպես մեր ժողովուրդն է սիրում ասել՝ երկիրը երկիր չի»: