Բյուլենթ Արընչը թողնում է քաղաքականությունը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ով հանդիսանում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդներից, Kanal 24-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ թողնում է քաղաքականությունը:
Արընչը հավելել է, որ չի առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Արընչը հավելել է, որ քաղաքապետ դառնալու պլաններ նույնպես չունի՝ ընդգծելով, որ որոշ ժամանակով ընդմիջում է վերցնում, ինչից հետո հնարավոր է՝ վերադառնա քաղաքականություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու 2014 թվականի մարտին, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ 2015 թվականի ամռանը: 2014 թվականի օգոստոսին Թուրքիայում անցկացվելու են համաժողովրդական նախագահական ընտրություններ: