Դաշնակցությունը չի մասնակցի երդմնակալությանը. ՀՅԴ հայտարարությունը
ՀՅԴ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Երկրում արդարության հաստատմանը, քաղաքացու ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն ուղղված խոչընդոտները, ահագնացող աղքատությունն ու սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, բավարար վստահություն չներշնչող ընտրական և միահեծան նախագահական համակարգերը խարխլում են ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, ջլատում ազգային միասնությունը և թուլացնում հայոց պետականությունը:
Այս իրողություններին հակառակ` գործող իշխանությունն անհաղորդ է մնում համակարգային, արմատական փոփոխություններ կատարելու` հասարակական պահանջին։ Ցավալիորեն այն դեռևս բավարար չափով ընկալում չի գտնում նաև քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Համոզված ենք` ստեղծված վիճակից ելքը Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից առաջադրված` իշխանություն-ընդդիմություն քաղաքական միասնական օրակարգով արմատական և խորքային բարեփոխումներն են։ Իշխանությունները պարտավոր են, սթափ գնահատելով առկա իրավիճակը, գիտակցել արմատական համակարգային փոփոխություններ կատարելու` համընդհանուր հրամայականը։
Մեկնելով այս հաստատումներից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցությունը հայտարարում է, որ
1. չի մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողությանը նվիրված` Ազգային ժողովի 2013 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստին,
2. արմատական և խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ իշխանությունների կողմից քաղաքական կամք դրսևորելու և գործուն քայլեր ձեռնարկելու պարագայում կցուցաբերի համարժեք վերաբերմունք:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատգամավորական խմբակցություն