Արշակ Զաքարյանի կազմակերպած ակցիային մասնակցում են նաև ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից

«Մեկ միլիոնանոց երթ» բողոքի երթի նախաձեռնող, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն այս պահին իր համախոհների հետ շարժվում է Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայր` բողոքի նամակ հանձնելու Սերժ Սարգսյանին: Ինչպես 168.am-ին փոխանցեց նախաձեռնության հեղինակը, ակցիային մասնակցում է նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, շարքային ԲՀԿ-ականներ, կան ներկայացուցիչներ Հայ հեղափոխական դաշնակցությունից և «Հայազն» կուսակցությունից:

«Բոլորը եկել են որպես ՀՀ քաղաքացիներ, այստեղ ոչ մեկը կուսակցական լոզունգներով չի եկել»,- ասաց Արշակ Զաքարյանը: 2008թ.նախագահի ընտրություններում Արշակ Զաքարյանն ընտրել է Սերժ Սարգսյանին, սակայն հիմա նա իր այդ քայլը համարում է սխալ, ինչի մասին էլ գրված է նամակում: «Այս անգամ ես Ձեզ չեմ ընտրել, և ավելին, ես դուրս եմ գալիս փողոց պայքարելու իմ և իմ նմանների համար` ընդդեմ Ձեր համակարգի, որն օրինապահ մարդկանց, իրական հայրենասերներին և հասարակ քաղաքացիներին չի ծառայում, այլ հանցագործ ու թալանչի տարրերին: Այլապես մենք չէինք լինի թշվառության մեջ ու անպաշտպան, իսկ նրանք` բարգավաճած ու ապահով: Պարոն Սարգսյան, ապրիլի 9-ից ինձ համար Դուք այլևս իմ երկրի նախագահը չեք… Այսօր, ապրիլի 8-ին, Ձեր նախագահության վերջին օրն է, և ես, իմ որդու ձեռքը բռնած, եկել եմ նախագահական նստավայր` հայտնելու Ձեզ իմ հրաժարականը` հաջորդ օրվանից Ձեզ նախագահ ճանաչելու»,- ասված է նամակում:

Հավելենք, որ Արշակ Զաքարյանը հայտարարել էր, թե մտադիր է այսօր մեկ միլիոնանոց երթի ակցիա կազմակերպել, սակայն քանի որ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների և կուսակիցների կողմից արժանացել էր քննադատության, որոշել է այն հետաձգել մինչև մայիսի 1-ը: Ապրիլի 8-ին, սակայն, ի նշան բողոքի՝ ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության, Արշակ Զաքարյանը, այնուամենայնիվ, միջացառում կազմակերպեց:

Տեսանյութեր

Լրահոս