Երևանի ավագանու ընտրությունների ինտրիգը՝ ըստ Երվանդ Բոզոյանի
Երևանի ավագանու ընտրությունները մրցակցային են լինելու, որովհետև մասնակցում են հիմնական բոլոր ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
«Այս ընտությունների ինտրիգը հենց նրանում է կայանում, որ բոլոր ուժերը մասնակցող այս պահին հավասարազոր են: ՀՀԿ-ն, որպես պետական լծակների տիրապետող ուժ, ունի բավական առավելություններ՝ ադմինիստրատիվ առավելությունների առումով: Սակայն, եթե ոչ իշխանական ուժերը փորձեն վերահսկեն ընտրութունների ընթացքը, կկարողանան չեզոքացնել վարչական լծակների գործոնը: Իսկ թե իշխանական որ ուժն իրենից ինչ է ներկայացնում, կերևա ընտրություններից հետո»,- մասնավորեցրեց քաղաքագետը:
Ավագանու ընտրություններին, ի տարբերություն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների, ըստ Ե. Բոզոյանի, կմեծանա «Ժառանգություն» կուսակցության գործոնը՝ կհավաքեն ավելի լուրջ ձայներ։ Իր առանձնակի դերը կունենա ՀԱԿ-ը, որը «ձերբազատվել է նախկին կասկածելի անձանցից և ներկայանում է թարմ տեսքով» չնայած, ըստ քաղաքագետի, հիմնական մրցակցությունը կընթանա ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև: Միևնույն ժամանակ, քաղաքագետի հավաստմամբ, ոչ իշխանական ուժի հաղթելու հնարավորությունը մեծ է, այն դեպքում, եթե ՀՀԿ-ն չկարողանա հավաքել պարտադիր 40 տոկոս ձայների քանակը:
Անդրադառնալով ավագանու ընտրացուցակների առաջին համարներին, քաղաքագետն ասաց. «Տարոն Մարգարյանի (ՀՀԿ) պարագան հասկանալի է՝ ՀՀԿ-ն փորձել է նշանակել մի մարդու, որը հակակրանք չի առաջացնում: Վարդան Օսկանյանը (ԲՀԿ) համարվում է Րաֆֆի Հովհանննիսյանի նման գործիչ, դրսից եկած անձնավորություն: Վահագն Խաչատրյանը (ՀԱԿ) կոմպրոմիսային գործիչ է, երբևիցե վարկաբեկված չի եղել, փորձ ունի, ՀՀՇ անդամ չի եղել ու համագործակցել է շատ ուժերի հետ: Արմեն Ռուսատամյանը (ՀՅԴ) բավական համակրելի գործիչ է: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, այստեղ պրոբլեմը զուտ կուսակցական բռենդի մեջ է, իսկ Արմեն Երիցյանը շահեկան թեկնածու է: Արմեն Մարտիրոսյանն էլ («Բարև, Երևան») բացասական կերպար չէ»:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ