Nabucco կոնսորցիումը շահավետ առաջարկ է արել «Շահ Դենիզ» կոնսորցիումին՝ կապված Nabucco West-ի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco կոնսորցիումը «Շահ Դենիզ» կոնսորցիումին առաջարկել է 50 տոկոսանոց մասնակցություն՝ Nabucco West գազատարի նախագծում:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Nabucco կոնսորցիումի գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը: Վերջինիս խոսքերով՝ առաջարկների այդ փաթեթը համաձայնեցվել է հունվարի կեսին. «Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ գոհ են այդպիսի հավասարակշռված որոշումից»:

Հիշեցնենք, որ Շահ Դենիզ» կոնսորցիումն այս ամառ պետք է որոշի, թե որ եղանակով պետք է Եվրոպա արտահանվի նույնանուն գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում արդյունահանվելիք գազը:

Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) և «Անդրանատոլիական» (TANAP) գազատարներով կհասցվի ԵՄ-ի սահման, որտեղից էլ այն իր ուղին կշարունակի կա՛մ Nabucco West գազատարով, կա՛մ էլ TAP (Անդրադրիատիկ) գազատարով:

Եթե ընտրությունը կանգ առնի Nabucco West գազատարի վրա, ապա ադրբեջանական գազը կհասցվի ավստրիական Բաումգարտեն, իսկ եթե ընտրվի TAP (Անդրադրիատիկ) գազատարը, ապա ադրբեջանական գազը կհասցվի իտալական Պուլա:

«Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում արդյունահանվելիք գազը Եվրոպա կհասցվի 2019 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս