Բաժիններ՝

Թուրքիայում PKK-ի հետ հաշտությունից հետո կարող է սկսվել արյունոտ վրեժխնդրության ժամանակաշրջանը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակներում ստեղծված գյուղական պահապանները (վարձկաններ) հայտարարել են, որ աջակցում են իշխանությունների ու PKK-ի հաշտեցման գործընթացին:

Դրա հետ մեկտեղ, նրանք նկատել են, որ պետությունը պետք է նաև հաշտեցնի իրենց ու PKK-ին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում ի՞նչ պիտի անեն իրենք: Թուրքիայում PKK-ի ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին, իսկ գյուղական պահապանների համակարգը գործարկվել է 1985 թվականին, 22 նահանգում:

Այն ժամանակ գյուղական պահապանների քանակը հասնում էր մինչև 48.000-ի, մինչդեռ ներկայումս Թուրքիան ունի 70.000 գյուղական պահապանից բաղկացած «քաղաքացիական բանակ»:

Գյուղական պահապանները հայտարարել են. «Պետությունն ու PKK-ն հաշտվում են: Այդպիսի պարագայում ի՞նչ պետք է անենք մենք: Եթե PKK-ն վայր չդնի իր զենքը, նույնը կանենք և մենք: Շատ գյուղական պահապաններ թիրախի տակ են:

Եթե վաղը վրա հասնի խաղաղությունը, ապա ոչ ոք չպետք է ձեռք տա զենքը վայր դրած գյուղական պահապանին: Սակայն մի շարք գյուղական պահապաններ ուղիղ թիրախի տակ են: Խաղաղության հաստատվելուց հետո կարող է վրա հասնել արյունոտ վրեժխնդրության ժամանակաշրջանը»:

Հիշեցնենք, որ թեև PKK-ն ստեղծվել է 1978 թվականին, նրա ակտիվ զինված պայքարը Թուրքիայում մեկնարկել է 1984 թվականին՝ 1980 թվականի արյունոտ զինվորական հեղաշրջումից հետո:

Դրանից արդեն 1 տարի անց՝ 1985 թվականի մարտի 16-ին, թիվ 442 օրենքով որոշվեց ստեղծել գյուղական պահապանների (տեղական (քրդերի) կամավոր պայմանագրայինների) համակարգ: Դրա նախաձեռնությունը պատկանում էր Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան քրդաբնակ նահանգների նահանգապետերին ու ներքին գործերի նախարարությանը:

Վարչական առումով՝ գյուղական պահապանները ենթարկվում են նահանգապետերին, իսկ իրենց բուն գործունեության տեսանկյունից՝ Ժանդարմերիայի տարածաշրջանային հրամանատարությանը: Չնայած այդ ամենին, ՆԳՆ-ն ցայժմ հազարավոր գյուղական պահապանների մեղադրել է PKK-ին համակրելու մեջ:

Փաստորեն, Թուրքիայի իշխանություններին հաջողվել է միմյանց դեմ հանել քրդերին (PKK և գյուղական պահապաններ): Մի շարք տվյալներով` 1984-1999 թվականներին գյուղական պահապաններին վճարվել է 450 միլիոն դոլար աշխատավարձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս