Բաժիններ՝

WikiLeaks-ը 1.7 միլիոն փաստաթուղթ է հրապարակել 1970-ականներին ԱՄՆ-ի դիվանագիտության ու հետախուզության մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks սկանդալային կայքն այսօր 1.7 միլիոն փաստաթուղթ է հրապարակել 1973-1976 թվականներին ամերիկյան դիվանագիտական ու հետախուզական ծառայության մասին: Այս մասին նշված է ավստրալացի Ջուլիան Ասանժի հիմնադրած WikiLeaks կայքի տարածած հաղորդագրությունում:

Ասանժի խոսքերով՝ այդ փաստաթղթերը լույս են սփռում ԱՄՆ-ի գործողությունների մի ամբողջ շրջանակի վրա, որն իր ազդեցությունն է թողել համաշխարհային քաղաքականության ու պատմության վրա: Փաստաթղթերի մեծ մասը հասցեագրվել է կամ էլ կազմվել է անձամբ Հենրի Քիսինջերի կողմից, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:

WikiLeaks-ը տվյալների այդ բազան անվանել է «ԱՄՆ դիվանագիտության հանրային գրադարան» (PlusD): Փաստաթղթերի մեծ մասը որակված է որպես «չհրապարակման ենթակա» (NODIS, no distribution): Փաստաթղթերի մի մասն էլ գաղտնի է:

Հրապարակված փաստաթղթերի թվում կան հեռագրեր, հետախուզության հաշվետվություններ, կոնգրեսի նամակագրություն և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք գաղտնիացված են ԱՄՆ-ի իշխանությունների կողմից:

WikiLeaks-ի շուրջ մեծ սկանդալ առաջացավ այն բանից հետո, ինչ նա 2010 թվականի նոյեմբերի վերջից նա սկսեց հրապարակել ԱՄՆ դիվանագիտական ծառայության փաստաթղթերը:

Ջուլիան Ասանժը նախորդ տարվա հունիսից գտնվում է Մեծ Բրիտանիայում և թաքնվում է Էկվադորի դեսպանատանը: Բրիտանական դատարանը վճռել է Ասանժին արտահանձնել Շվեդիա, ուր նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործություններ գործելում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս