Անկախ ամեն ինչից՝ պետք է պայքարել
«Ես մտածում եմ, որ ապրիլի 9-ին տեղի կունենա երկու արարողություն. Մեկը` Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, մյուսը` Րաֆֆի Հովհաննիսյանի։ Թե ի՞նչ կլինի հետո, կարծում եմ` պետք է հասարակությանը խնդրեն չհնազանդվել իլեգիտիմ նախագահին։ Թե դա ինչպե՞ս տեղի կունենա, ժողովուրդն ինչքանո՞վ դա կանի, ապագան ցույց կտա,- 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը և ավելացրեց,
– Ես միան կարող եմ ասել, որ եթե մեր ժողովուրդն իրականում չի ուզում Սերժ Սարգսյանի նախագահությունը, կարևոր է, որ ողջ ժողովուրդը, քաղաքական, հասարակական ուժերը միանան և ցույց տան, որ չեն ընդունում ոչ լեգիտիմ նախագահին»։
Վերջինիս խոսքով` եթե Հայաստանի ողջ ուժերը միանան, կլինի ժողովրդական մեծ քայլ. «Շատ կուզենամ, որ մեր ժողովուրդը սա հասկանա, որովհետև ես կարող է՝ սխալ եմ, բայց համոզված եմ, որ եթե Սերժ Սարգսյանը մնա, մենք գնում ենք էլ ավելի մեծ հայաթափի, և մեր երկիրը վտանգի մեջ է։ Վտանգի մեջ է նաև ողջ հայությունը, որովհետև Հայաստանի վիճակն ազդում է սփյուռքի վրա»։
Մեր այն հարցին, թե նախագահ չդառնալու դեպքում որո՞նք պետք է լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլերը, Վալերի Գործունյանը պատասխանեց.
«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է պայքարի ամեն օր, մինչև իշխանությունը փլվի։ Անշուշտ, սա իմ ենթադրությունն է, բայց ես ժողովրդի հետ մինչև վերջ միասին կպայքարեմ, մինչև որ ունենանք լեգիտիմ պետություն։ Աստված մեր ժողովրդի հետ։ Ես կոչ եմ անում ժողովրդին` նախաձեռնել, իրենց անձնական շահերը մոռանալ և մեկ անգամ ամբողջովին մի նպատակով` անկախ ամեն ինչից, պայքարել, որպեսզի այս կրիմինալ ուժերի վերջը լինի»։