Մետրոյի նոր անցարգելներ են տեղադրվել․ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների ճակատագիրը
Երևանի մետրոյի կայարանում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգով․ քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով:
Այս նորամուծությանը քաղաքացիներին ծանոթացնելու համար նոր վճարային համակարգը սպասարկող «Թել-Սել» ՓԲԸ-ն նույնիսկ աշխատակիցներ է տրամադրել, որոնք համապատասխան սարքավորումների մոտ մետրոյից օգտվողներին ցույց են տալիս քայլերի հաջորդականությունը։
Իսկ ի՞նչ է լինելու ժետոն վաճառողների հետ․ արդյո՞ք մետրոպոլիտենը քննարկել է այս հարցը՝ 168.am-ը ճշտեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից։
Տաթև Խաչատրյանը պարզաբանեց․ «Ժետոն վաճառողները չեն մնա գործազուրկ։ Մինչև հանրությունը կարողանա վարժ տիրապետել համակարգին, ժետոն վաճառող գանձապահները լինելու են։ Բացի այդ՝ ժետոն վաճառող գանձապահները մնալու են իրենց տեղում, քանի որ մետրոյից օգտվում են տատիկ-պապիկները, որոնք այդ նորագույն տեխնոլոգիաներին, QR կոդերին ծանոթ չեն»։
Հստակեցմանը՝ բոլո՞րն են մնալու իրենց տեղերում, եթե աշխատանքը մասնակի կրճատվում է, մետրոպոլիտենի մամուլի խոսնակն արձագանքեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել, այդուհանդերձ նկատեց, որ կայարաններում դեռ մնալու են՝ սպասարկելու, QR կոդեր տրամադրելով այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում օգտվել նոր համակարգից։
Քանի որ քաղաքացիները նաև բարձրաձայնում են մետրոյի նոր վճարային համակարգի տեխնիկական խնդիրների մասին, մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են այդ խնդիրները կարգավորվում, նա պատասխանեց․ «Մենք շահագործող կազմակերպություն ենք․ ամբողջությամբ «Թել-Սել» ՓԲԸ-ն է ապահովում համակարգը, և նույնիսկ կամավորներ է կցել, որոնք ներկայացնում են համակարգից օգտվելու փուլերը։ Աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են և կբարելավվի»։
Ի դեպ, Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը նոր համակարգին վերջնական անցման ժամկետների մասին դեռ չի խոսում․ «Մինչև համակարգն ամբողջությամբ գործարկվի, մինչև ուղևորները սովորեն»։
Ինչքա՞ն է արժեցել Երևանի մետրոյում նոր վճարային համակարգի ներդրումը, ի՞նչ այլընտրանքներ են սպասվում մետրոպոլիտենի այն աշխատակիցներին, որոնք նոր համակարգի ներդրումից հետո բախվելու են գործազրկությանը՝ 168․am-ն այս հարցադրումներն է հղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Գրավոր հարցման պատասխանները ստանալուն պես՝ կհրապարակենք։