Բաժիններ՝

Այգիներ են վնասվել. մինչև այս աղետը մեծ թվով զբոսաշրջիկներ էին գալիս Ախթալա, հիմա թիվը նվազել է. Ախթալայի համայնքապետ

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում շարունակում են հաշվարկել կրած վնասները։ Ամենամեծ վնասը հեղեղը հասցրել էր Ալավերդի քաղաքին և համայնքի այլ բնակավայրերին, մասնավորապես՝ Քարկոփ գյուղին։

Վնասներ է կրել նաև Լոռու մարզի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Ախթալա քաղաքը։

168.am հետ զրույցում Ախթալայի համայնքապետ Սևակ Սարգսյանն ասաց, որ կրած վնասների վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, քանի որ հաշվարկները դեռևս ավարտված չեն։

«Մենք ինչ տվյալներ պետք է՝ ներկայացրել ենք, մարզպետարանից, Կառավարությունից եկել, տեղում ամեն ինչ տեսել են։ Արդեն այս մարմինները կանեն հաշվարկները, կրած վնասների չափը կտեսնենք։

Կարդացեք նաև

Ախթալայում բնականոն կյանքը վերականգնվել է, մարդիկ անցել են իրենց առօրյային։

Աղետի գոտու բնակիչներին տեղավորել ենք, իրենք վարձով բնակարաններում են ապրում։ Մինչև այս աղետը մեծ թվով զբոսաշրջիկներ էին գալիս Ախթալա, բայց հիմա զբոսաշրջիկների թիվը նվազել է։ Այժմ օրվա ընթացքում գուցե 2-3 ավտոբուսներով գան։ Բայց հեղեղումներից առաջ շատ էին գալիս, մանավանդ այս սեզոնին, օր է եղել՝ 2 հազար հոգի զբոսաշրջիկ ենք ունեցել»,- նշեց Ախթալայի համայնքապետը։

Նրա փոխանցմամբ, թեև Ախթալայում մեծ այգիներ շատ չկան, բայց եղածն էլ վնասվել է։

«Այգիները, որոնք գետի կողմից են եղել, ջուրը ծառերը տարել, տիղմ է լցվել այգիների մեջ, այսինքն՝ գրեթե ամբողջովին վնասվել են»,- եզրափակեց Ախթալայի համայնքապետը։

Հիշեցնենք, մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել էին Դեբեդ, Աղստև գետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել էր աղետալի իրավիճակ։ Հեղեղումների հետևանքով, պաշտոնական տվյալներով՝ կար 4 զոհ։ Բազմաթիվ բնակավայրերում մասամբ կամ ամբողջովին վնասվել էին ճանապարհները, կամուրջները։ Հեղեղը քշել-տարել էր բազմաթիվ այգիներ։ Թեպետ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ միայնակ կարող է վերացնել աղետի հետևանքները, սակայն պաշտոնատար բազմաթիվ անձանց մակարդակով կոչ էր արվել կամավորագրվել ու մեկնել աղետի գոտի՝ բնակիչներին օգնելու համար։

Շատերը, առանց այդ հորդորի, երկրորդ օրն արդեն աղետի գոտում էին և օգնություն էին ցուցաբերում բնակչությանը։

Տեսանյութեր

Լրահոս