Օրվա իշխանության ցանկացած գործողություն միտված է կա՛մ իշխանությունը պահելուն, կա՛մ սպասարկելու այլոց շահերը. Թևան Պողոսյան

Հունիսի 21-ին իրավիճակը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում լարված էր։ Կենտրոնի քննիչները Ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ գնացել էին ներկայացուցչություն, դարպասից ներս էին մտել, հետո ջարդել էին դարպասները և հատուկ տարհանող մեքենայով առգրավել էին Արցախի նախագահին սպասարկող մեքենան։ Երեկոյան արդեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշ կատարած այցից վերադարձի ճանապարհին տեղեկանալով տեղի ունեցածի մասին, Երևան հասնելուն պես եկավ Ներկայացուցչություն և իր անձնական մեքենայի բանալիները նվիրեց Արցախի նախագահին՝ շեշտելով, որ դա «հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան տարբերակով փորձում են որևէ ձևով ճնշել»։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն էլ լրագրողների հետ զրույցում նախ ասաց, որ մեքենայի անհրաժեշտությունը չի եղել, ապա պարզաբանեց.

«Սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է։ Հունիսի 7-ին, երբ Քննչական կոմիտեի քննիչները եկել ու փորձել են առգրավել մեքենան, հետո հասկացել են, որ դա անօրինական է՝ պետք է լինի դատարանի համապատասխան վճիռ, հեռացել են։ Նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել Քննչական կոմիտեի ղեկավարի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Մեր վերջնական խոսակցության արդյունքը եղել է այն, որ իրեն սխալ են զեկուցել և այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել մեքենան առգրավելու համար, և ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, եթե իմանար, ապա այդպիսի բան չէր լինի։ Ես իրեն ասել եմ, որ անհետաձգելի ինչ-որ քննչական գործողություններ անելու համար պատրաստ եմ այդ մեքենան որտեղ ասեք՝ ուղարկեմ»,- նշեց Սամվել Շահրամանյանը։

168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն անդրադառնալով արցախահայերի հանդեպ ՀՀ իրավապահ մարմինների իրականացվող գործողություններին, մասնավորապես՝ համայնքապետերի ու քաղաքապետերի նկատմամբ, նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում, որևէ առնչություն չունի իրավական գործընթացների հետ, դրանք քաղաքական են։

Կարդացեք նաև

«Երեկ Արցախի նախագահը հստակ նշեց, որ խոսել է ՔԿ նախագահի հետ, ասել է, որ մեքենան ցանկացած տեղ, որտեղ ասեն՝ կտանի։ Միայն այն, որ ՔԿ նախագահն ասել է, որ այդ ամենն ինքնագլուխ գործունեություն է, քանի որ չեն պայմանավորվել, որ նման բան չպետք է լինի և այլն, արդեն ամեն ինչ ասում է։ Եթե այդ ամենից հետո նման գործողություն է տեղի ունենում, արդեն հասկանալի է, որ սա իրավական գործընթաց չէ։

Եթե ՔԿ-ին ասվել է, որ ցանկացած պահի, ցանկացած տեղ կուղարկեն մեքենան, ապա նման հարցերը պետք է լուծվեին մի քիչ հարգանքով՝ հաշվի առնելով այն բոլոր հարվածները, որոնց միջով անցել են արցախահայերը։

Այսօրվա ՀՀ իշխանությունն ինչ ուզում է արած լինի, բոլոր իրենց գործողությունները միտված են կա՛մ իշխանությունը պահելուն, կա՛մ սպասարկելու այլոց շահերը»,- նշեց Թևան Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ այլոց շահերը սպասարկելու համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։ Այսինքն՝ ստացվում է, որ Արցախը չեն ճանաչում, հավանաբար «արցախահայերը քիչ իրավունքներ ունեին», բայց Պաղեստինը ճանաչում են։

«Վերջում պարզվում է, որ այս ամենը Թուրքիայի անձնական խնդրանքներն է եղել, պայմաններն է եղել, որ դրել են, թե՝ եթե ուզում եք որ, սահմանը բացվի, ճանաչեք Պաղեստինը։ Հերթական նախապայմանների փուլն է։ Մնացածը գնահատեք ինքներդ։ Մենք հասել ենք այնպիսի վիճակի, որ ո՛չ գիտության, ո՛չ քաղաքագիտության հարց չկա, պարզապես կույր սպասարկվում են մեր թշնամիների շահերը»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս