Բաժիններ՝

Հարավային Կորեան դիտարկում է Ուկրաինային զենք մատակարարելու տարբերակները. Պուտինն արձագանքել է

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմն ուսումնասիրում է Կիևին տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հարավային Կորեան խոշորագույններից մեկն է աշխարհում զենքի արտադրության բնագավառում։ Մինչ այժմ երկիրը ​​ձեռնպահ է մնացել Ուկրաինային մահացու ռազմական արտադրանք մատակարարելուց։

Հունիսի 20-ին Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չան Հո Չժինը հայտարարել է, որ երկիրը կարող է փոխել իր դիրքորոշումը համագործակցության, պաշտպանության և ռազմավարական գործընկերության համաձայնագրի պատճառով, որը կնքել են Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան։ Ի թիվս այլ բաների, այս համաձայնագիրը ենթադրում է ռազմական օգնություն՝ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։

Հարավկորեացի խորհրդականն ընդգծել է, որ Սեուլի կառավարությունը «լուրջ մտահոգություն է հայտնում և դատապարտում է համաձայնագրի ստորագրումը»։

Հունիսի 21-ին ՌԴ դեսպան Գեորգի Զինովևը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրադրության և ռուս-կորեական հարաբերությունների վրա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին հայտարարել էր, որ Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու Սեուլի որոշումը «շատ մեծ սխալ կլիներ», և սպառնացել է պատասխան քայլերով, որոնք, նրա խոսքով, հազիվ թե դուր գան Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս