Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ:

Ազգային ընտրանին երևանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը:

«Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ իր համար հպարտություն է 17 տարեկանում ընտրանու անդամ լինելը:

Ազգային թիմի փորձառու բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանն էլ առանձնացրեց, որ ընտրանու անդամներն արդեն սկսել են իրար լավ հասկանալ:

«Վստահ եմ, որ Կոսովոյում կայանալիք առաջնության ժամանակ կկարողանանք շատ լավ հանդես գալ: Հույս ունեմ, որ կպայքարենք նաև չեմպիոնության համար»,-ասաց նա:

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի հունիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս