«Եթե այսօր լռենք, վաղը շատ ավելի ծանր գին ենք վճարելու այդ լռութան համար». Թուրքիայում հակաիսրայելական ցույցեր են
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում «Özgür Aksa Trabzon» հարթակը ամեն չորեքշաբթի բողոքի ակցիա-քայլերթ է կազմակերպում՝ ի աջակցություն Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:
Քայլերթի մասնակիցները Թուրքիայի և Պաղեստինի դրոշները ձեռքներին, պաստառներով, տարբեր կարգախոսներ հնչեցնելով քայլերթ են կատարում։ Երթի մասնակիցներից մեկը նշել է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարձակումները Պաղեստնի վրա շարունակվում են և աշխարհը լուռ է այս դաժանության դեմ։
Ըստ նրա, Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները և միջազգային հանրությունը չկարողացան արդյունավետ արձագանքնել այս դաժանությանը։«Ամոթ կլինի, որ մենք մուսուլմաններս մեր ձայնը բավարար չափով չբարձրացնենք, չհամախմբվենք։
Գազայում տեղի ունեցող այս ողբերգությունը համայն մարդկության ամոթալի պատկերն է բացահայտում»,-հայտարարել է նա։
Ըստ նրա, այսօր ինչ տեղի է ունենում Գազայում, վաղը կարող է կրկնվել մեկ այլ իսլամական տարածքում։
«Եթե այսօր լռենք, վաղը շատ ավելի ծանր գին ենք վճարելու այդ լռութան համար։ Այդ պատճառով պետք է միասնական լինենք, բարձրացնենք մեր ձայնը և պետք է դեմ կանգնենք Գազայում ցեղասպանությանը»,- նշել է նա:
Ինչպես նաև հավելել է. «Գազայի մեր եղբայրների ցավը, մեր ցավն է և մեր պարտականությունն է բուժել նրանց վերքերը։ Այդ պարտականությունը ոչ միայն մարդկային այլև կրոնական պարտականություն է»։