«Իշխանությունը Հայաստանը հանել է աճուրդի, որի ապագան որոշվում է բոլոր տեղերում, բացի Երևանից». Արման Աբովյան
«Տարածաշրջանում տեղի է ունենում նոր աշխարհաքաղաքական սահմանների ուրվագծում։ Պայմանական ասենք՝ Արևմուտքը շատ ակտիվացրել է իր գործունեությունը Հայաստանում, ինչը, ըստ իս, պայմանավորված է նաև ներհայկական գործոններով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ պայմանական՝ եվրասիական և արևմտյան վեկտորների բախումը Հայաստանում գնալով ավելի է ուժգնանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցին։
Նա ընդգծեց՝ այս գործընթացների մեջ, ցավոք, չկա Հայաստանը, կա մաքսիմում՝ որպես կատարածու։ Ավելին, աշխարհաքաղաքական տեսանկյունից դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ բոլոր գործընթացները գեներացվում են թուրք-ադրբեջանական ուղու ներքո։
«Չմոռանանք, որ նույն Թուրքիան ու Միացյալ Նահանգները ռազմական դաշնակից են, ընդ որում, ռազմավարական առումով։ Բոլոր հեքիաթներն առ այն, որ Միացյալ Նահագները կամ Եվրոպան կգան ու կփրկեն, բախվում են մի շատ կարևոր արտահայտության, որն արել են ամերիկացի ու եվրոպացի գործիչները, որ «Հայաստանի ճանապարհը դեպի Արևմուտք անցնում է թուրքական դարպասներով»։ Ես սա կվերաձևափոխեի՝ Հայաստանի ճանապարհը դեպի Արևմուտք, այն կոնտեքստում, որը դնում է ՀՀ օրվա իշխանությունը, անցնում է թուրքական սպանդանոցով։
Մենք չունենք ռեսուրս լարելու մեր հարաբերությունները ո՛չ Արևմուտքի հետ, ո՛չ Եվրասիական վեկտորի հետ՝ ՌԴ, Չինաստան, Իրան, Հնդկաստան։ Ըստ էության այս իշխանությունը Հայաստանը հանել է աճուրդի, ինչը բերելու կամ բերել է նրան, որ Հայաստանը սուբյեկտից դարձել է օբյեկտ, որի ապագան որոշվում է բոլոր տեղերում, բացի Երևանից»,- շեշտեց Արման Աբովյանը։
Մեր զրուցակցի բնորոշմամբ, այսօր իշխանությունները բոլոր արտաքին գործընթացները դիտարկում են միայն իրենց իշխանության պահպանության համար։ Թե ինչ տարածքներ կկորցնի կամ ինչ տարածքում կլինի Հայաստանը՝ նրանց համար կարևոր չէ։
«Իշխանությունը գնում և անում է ամեն ինչ եվրասիական վեկտորի հետ հարաբերություններն առավել լարելուն։ Սա հավանաբար պայմաններից մեկն է, որ Արևմուտքը, այսպես ասած, երաշխավորում է իրենց վերարտադրությունը։ Այո, արտաքին վեկտորը փոխում են, և փոխելը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Ընդ որում, փոխում են ոչ թե դեպի Արևմուտք, այլ փոխում են միայն ու միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակներում»,- եզրափակեց Արման Աբովյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում