ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը վավերացնում է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների հիմնման, գործունեության ու իրականացման վերաբերյալ 2023 թ. հունիսին կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այդ մասին  տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Համաձայնագիրը կնքվել է 2023 թ. հունիսի 8-ին Սոչի քաղաքում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից։ Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2024 թ. մայիսի 28-ին և Դաշնային խորհրդի կողմից հաստատվել է հունիսի 5-ին։

«Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի գոտու ստեղծում և ներդրումների իրականացում, տնտեսական հարաբերությունների մասնակիցների իրավահավասարության և խտրականության բացառման սկզբունքի ամրապնդում՝ անկախ քաղաքացիությունից, գրանցման վայրից և սեփականության ձևից», – համաձայնագրի էությունը պարզաբանել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Մայիսի 24-ին Աշխաբադում ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ այս համաձայնագիրը հունիսի 5-ին ուժի մեջ կմտնի Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի համար։ Նա հույս էր հայտնել, որ մյուս երկրներն առաջիկայում կավարտեն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։

Ըստ ՌԴ վարչապետի՝ համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում ԱՊՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն վարելու համար և նպաստում բիզնեսի ու սպառողների համար թափանցիկ ու հասկանալի կանոնների ձևավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս