«Ուրիշ ձև չկա. կա՛մ էս Կառավարությունը հրաժարական է տալիս, կա՛մ փոխում է Կառավարության ծրագիրը». Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ԱԺ ամբիոնից  անդրադարձավ երեկ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած ուղերձին, որը վերաբերում էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորներն ուզում են վարպետորեն խուսափել այն հարցից, որն արձանագրված է ուղերձում։

«Իրականում այդ ամենը դուք պետք է նախաձեռնեիք, այլ ոչ թե ընդդիմությունը։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ դուք էլ եք փաստել թե՛ գործադիր մարմնի կատարողականով, թե՛ այս բյուջեի կատարողականով։ Առկա է մի իրողություն, որ կա խզում, որն արձանագրվել է Կառավարության ծրագրի և նրա գործունեության միջև։ ԱԺ մեծամասնությունը, որ դուք եք, ընդունել եք մի ծրագիր, որը Կառավարությունը չի իրականացնում»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

Ապա խորհրդարանում ելույթի ժամանակ ծագած տեխնիկական խնդրի պատճառով Արմեն Ռուստամյանը խնդրեց վերականգնել իր ելույթի 2 րոպեն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքելով՝ խնդրեց վերականգնել ընդդիմադիր պատգամավորի 2 րոպեն՝ շեշտելով. «Արմեն Ռուստամյանը հազիվ է վերադարձել դահլիճ, վերականգնեք 2 րոպեն»։

Կարդացեք նաև

ԱԺ նախագահի այդ ելույթին հակադարձեց Արմեն Ռուստամյանը.

«Ես միշտ էլ դահլիճում եմ, դուք ձեզ կոռեկտ պահեք»։

Ելույթը շարունակելով՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ բազմիցս խորհրդարանում ներկայացրել են այն խզումները, որոնք առկա են, և դրա մասին ՔՊ-ն էլ լավ գիտի։

«Այդ խզման վերացմանն է ուղղված նաև այն հարցը, որ կա՛մ այս Կառավարությունը փոխում է ծրագիրը, այսինքն՝ նոր ծրագիր է ընդունվում ԱԺ-ում, կա՛մ այդ Կառավարությունը հրաժարական է տալիս, ուրիշ ձև գոյություն չունի»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս