Կողոպուտ` մանկական խաղահրապարակում
Մայիսի 25-ին ոստիկանության Վաղարապատի բաժին դիմեց մի կին: Նա տվեց հաղորդում, որ նույն օրը, կեսօրին մոտ, երբ երեխայի հետ Վաղարշապատի Տերյան փողոցի հարակից մանկական խաղահրապարակում էր, բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսն ու փախել:
Կինը շատ բան չէր կարող ասել կողոպտողի մասին, միայն նշեց, որ մոտ 30 տարեկան տղամարդ էր:
Հանցագործի և հանցագործության վերաբերյալ տվյալները Վաղարշապատի քրեական հետախույզները լրացրին իրենց հայտնի հնարքներով, ձեռնարկեցին տարբեր միջոցներ, նաև` օպերատիվ-հետախուզական, ու վերջապես ստացան հավաստի տեղեկություն:
Ըստ օպերատիվ տվյալի` կնոջ հեռախոսը հափշտակել էր Վաղարշապատի Շիրվանզադեի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ: Դեպքի վայրից նա հեռացել էր դաշտամիջյան ճանապարհով, հասել բանուկ հատված, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրան սպասում էր 32-ամյա ընկերը` իր «Օպելով»:
Մայիսի 30-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին 30-ամյա երիտասարդն ու մեծամորցի 32-ամյա ընկերը: Բաժնում նրանք խոստովանել են արարքը:
Տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: