Գլխավոր դատախազությունում այլևս չգիտեն՝ ինչպես դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ստերի տակից
Մայիսի 7-ին տված իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ասել է.
«Եկեք հասկանանք, թե այս գծին ովքեր են աջակցություն հայտնում՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են։ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել և ձայնագրությունը հրապարակել են»:
Նիկոլ Փաշինյանն ըստ էության ձևակերպեց իր քաղաքական թիմի ու նրան մերձ շրջանակների հավաքական խոսույթն այս օրերին, ավելի ճիշտ՝ պարզ հասկացրեց, որ ՔՊ-ին ուղարկված սմս-ի հեղինակն ինքն է:
168.am-ը նույն օրն իսկ՝ մայիսի 7-ին, Գլխավոր դատախազություն գրավոր հարցում ուղարկեց՝ ստանալու համար ստորև բերված հարցերի պատասխանները:
1. Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի նշած օտար երկրներում ծվարած նարկոբարոնները, կրիմինալները, որոնք, իր ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և առնվազն այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրանց բացահայտելու ուղղությամբ:
2. Ո՞վ է ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը հայտնի է նրանով, որ Նիկոլ Փաշինյանին ձայնագրել և ձայնագրությունը հրապարակել է: Ի՞նչ իրավական հետևանքներ է դա ունեցել:
Այս հարցերի պատասխանին սպասում ենք արդեն շուրջ մեկ ամիս: Գլխավոր դատախազությունը, ինչպես մեր նախորդ հարցերին, որոնց պատասխաններին սպասեցինք ավելի քան 1.5 ամիս ու այդպես էլ դրանք չստացանք, կրկին ընտրեց լռելու տարբերակը: Հասկանալի է, իհարկե, Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցի տվայտանքը. հո չե՞ն ասելու՝ իրենց սրբություն սրբոցը՝ Նիկոլ Փաշինյանը, սուտ է ասել կամ դե, հիմա բան էր, ասեց, ինչ մի ընկել եք հետևից:
Իրավական համակարգը ստրկացրած Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի որևէ մեկին «փուռը տալու», այդ թվում՝ անձեռնմխելի համարվող Աննա Վարդապետյանին: Դա արել է միշտ, ու դա անելու է անդադար: Իրավապահ համակարգն ինքը պետք է նախանձախնդիր լինի իր երբեմնի հեղինակության վերջին փշրանքները պահպանելու համար: Բայց համակարգն ըստ էության կա՛մ արդեն սպառել է «կռուտիտի» պաշարը, որովհետև նախկինում ինչ-որ բան պատասխանում էին ամեն դեպքում, կա՛մ մտածում է թեման փակել, չպատասխանել, կմոռանան, կգնա… Չենք մոռանում…
Միայն թե հետաքրքիր է՝ ինչ է ամեն անգամ զգում Աննա Վարդապետյանը, երբ ստիպված է լինում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ լսել հերթական «գլուխգործոցն» ու գիտակցել, որ դրա տակից ստիպված է դուրս գալ:
Գլխավոր դատախազի պաշտոնը, իհարկե, շատ գայթակղիչ է, բայց հանուն պաշտոնի մասնագիտական արժանապատվությունը յուրաքանչյուր անգամ շատ խորը ու համապարփակ թաղելը, թերևս, ամեն մարդու բանը չէ:
Ի դեպ, մասնագիտական արժանապատվության մասին…
«ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից, և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել»,- գրել էր «Փաստինֆոն»: