Բաժիններ՝

Հավաքի մասնակիցը դանակահարել է մեկ այլ մասնակցի. նա ձերբակալվել է. ՔԿ

2024թ. մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացվող հավաքի ընթացքում, վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռ.Հ.-ն ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Իրականացված անձնական խուզարկությամբ նրա մոտից առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող կտրող գործիքը հայտնաբերվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դասալքության, զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու համար նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Ռ.Հ.-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալելու մասին:

Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս