Բաժիններ՝

Կապան համայնքի բնակավայրերից մեկի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար

Դատարանի որոշմամբ համակցված խափանման միջոցներ՝ տնային կալանք և բացակայելու արգելք է կիրառվել Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրի բնակչի նկատմամբ՝ նույն համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2024թ. մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակավայրի բնակիչ է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան:

Այդ նպատակով նշված անձը նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է։

Միջնորդություն է ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։ Նույն օրը նշված հոդվածներով նրան ներկայացվել է մեղադրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ. դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։

Նախաքննությունն շարունակվում է։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս