Բաժիններ՝

Բաշար Ասադի կինը նկարահանվել է քարոզչական տեսանյութում (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը նկարահանվել է քարոզչական տեսանյութում, որը տեղադրվել է YouTube վիդեոհոսթինգում: Այն ազատորեն կարող է դիտել յուրաքանչյուր ոք, սակայն մեկնաբանություններ անելը սահմանափակված է:

Տեսանյութի սյուժեն հետևյալն է. սիրիացի զինվորների մայրերը պատմում են ապստամբների դեմ մարտերում զոհված իրենց զավակների, ինչպես նաև իրենց զգացմունքների մասին:

Դրանից հետո սևազգեստ մայրերի այդ խումբը գալիս է նստավայր (ամենայն հավանականությամբ՝ նախագահական), ուր նրանց դիմավորում է մոդայիկ, սակայն աչքի չընկնող հագուստով Ասմա Ասադը:

Նախագահի կինը սփոփում, գրկում, համբուրում է իր մոտ եկածներին, ինչից հետո ելույթ է ունենում, որում նշում է, որ նրանց զոհերն անտեղի չեն եղել, քանի որ զոհվածներն իրենց կյանքը տվել են ոչ միայն իրենց, այլև՝ ողջ երկրի, Սիրիայի բոլոր երեխաների ու մայրերի համար:

Դրանից հետո նրանք գնում են ճաշասրահ, ուր Ասմա Ասադն անձամբ հյուրասիրում է հյուրերին և փորձում է զրուցել նրանցից յուրաքանչյուրի հետ: Միջոցառումն ավարտվում է ընդհանուր լուսանկարմամբ: Տեսանյութի վերջում մանկական երգչախումբը կատարում է հայրենասիրական երգ՝ ընկած զինվորների պատվին կառուցված հուշարձանի ֆոնին:

Մինչև Սիրիայում բախումների սկսվելը Մեծ Բրիտանիայում մեծացած Ասմա Ասադը համարվում էր վարչակարգի լիբերալ դեմքը, ինչը սակայն լուրջ փոփոխության ենթարկվեց այն ժամանակ, երբ նա 2011 թվականին աջակցեց ընդդիմադիրների դեմ ռազմական գործողություններ անցկացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս