Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարության հետ հաց է կերել, լիտրերով օղի է խմել, ոչինչ չի անում. Բագրատ սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ 168.am-ը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանից հետաքրքրվեց՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ու առհասարակ հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի ինչպիսի լուծում է տեսնում։
«Այդ խնդիրը շատ ավելի վաղ պետք է լուծվեր։ Այդ հարցն այս մարդիկ, ավելի ճիշտ՝ այս մարդը, այնքան է մսխել ու ոչնչացրել, նույնիսկ հիմա այս հեռավորությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է գործի։ Գործիքակազմը, ձևերը իշխանությունների մոտ են: Մենք կարող ենք փորձել եղանակներն ու ձևերը գտնել, բայց վստահաբար ամեն ինչին լուծում կա: Վերջերս գնացել էր Դանիա, դուք վստահաբար հետևել եք այցին, այնտեղ այս հարցն արծարծվե՞լ է, բա էլ ի՞նչ է գնացել խոսել։
Երբ այդ բոլոր հնարավոր հարթակները, միջազգային տարբեր ատյաններում, դու որևէ բան չես ասում, չես պնդում, քեզ ո՞վ բանի տեղ կդնի։ Դուք խոսում եք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերիների վերադարձի մասին: Էլ չեմ ասում այստեղի քաղբանտարկյալների մասին:
Երկրորդ՝ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն, ինստիտուտներ, ի վերջո, ձեր հայրենակիցներն են։ Ադրբեջանում կարող են լինել «Արևմտյան Ադրբեջանի կառավարություն», հեռուստատեսություն, շենք, գրասենյակ, ոչ մեկ ոչ մի բան։ Արգելել Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությանն ու ինստիտուտներն ընդհանրապես գոյություն ունենա՞ն: Սա ինչ օրակարգ է, ժողովուրդ»,-նշեց Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արած հայտարարությունը, որ Բաքվի բանտերում գտնվող հայերը 1-2 ամիս էլ կարող են սպասել։
«Սրանք չպետք է ուզեն, որ այդ մարդիկ ազատ լինեն, սա ոչ միայն հակաազգային է, այլև հակամարդկային, սա հանցանք է,մեղք։ Այդ մարդկանց հետ ինքը հաց է կերել, գնացել սնվել է։ Ուղղաթիռով իջնում էին Արցախ, ողջագուրվում էին, ցատկում էին, գնում էր երդմնակալությանը։ Բա ի՞նչ եղավ այդ ամենը, այլ արժեք չունեն դրանք։
Բաքվի բանտում գտնվող հատկապես մեր ռազմական, քաղաքական ղեկավարությանը անուն առ անուն եմ ասում, բոլորին էլ ճանաչում եմ, բոլորի հետ էլ ճանապարհ ենք անցել, իրար հետ ամենաերջանիկ օրերն ապրել ենք։ Հիմա ես ուղղակի համարում եմ, որ մեր ողջ ազգի ամոթն է, որ իրենք գտնվում են այդ կարգավիճակում, իրենց հետ միասին՝ մեր գերեվարված տղաները։ Այս մարդու հեռանալը նաև այդ մարդկանց բանտերից ու տառապանքից ազատելու պատմությունն է։ Մենք չենք կարող այսպես անպատիվ ապրել, սա մի մարդու մասին չէ։ Ինքն այնքան փոքր մարդ է, շատ փոքր, կողքիններն էլ՝ավելի փոքր։ Սա պատվի վերականգնման, արդարության, ճշմարտության մասին է:
Սա Հուդայի պատմությունն է, իրենք հաց են կերել միասին, ուրիշ բան որ չեն արել, այդ մարդկանց հետ նստել, հաց ու աղ են կիսել, ո՞վ գիտի՝ լիտրերով օղի են խմել, լիտրերով լցրել են մարմինների մեջ»,-շեշտեց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում