Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի համաձայնությունների վրա: Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախարարությունների միջև բանակցության նոր փուլի անցկացումը:

Նկատենք, Ֆրանսիան շարունակում է չողջունել ապրիլի 19-ը, միաժամանակ ողջունում է Ալմաթին: Դարձյալ նկատենք, որ Ալմաթիի հանդիպումը, գոնե առայժմ, մեկ էլ ողջունել է Մոսկվան:

Բայց Ֆրանսիան նաև առաջին անգամ ԱԳՆ մակարդակով կոչ է անում շարունակել ապրիլի 19-ի պայմանավորվածության հիման վրա աշխատանքը:
Սակայն սա, ապրիլի 19-ից գրեթե մեկ ամիս անց, ամենևին ապրիլի 19-ի մասին չէ, այլ Ալմաթիի:

Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը: Այն, առնվազն որպես նվազագույն արդյունք, բարձրացրել է Հայաստանի դիմադրունակությունը Ալմաթիում: Թե ինչպես է կարողացել դա օգտագործել Երևանը, հարց է:

Բայց դրա համար է, որ Ալմաթիի հանդիպմանը գրեթե զուգահեռ Ալիևը որոշեց բաց թողնել շանտաժի հերթական «չափաքանակը»: Բայց տեսնում է նաև, որ կարծես թե այն այդքան էլ չի աշխատում: Իսկ «գործի անցնելու» հնարավորությունը ներկայումս բավականին սուղ է՝ աշխարհաքաղաքական, ռեգիոնալ իմաստով:

Ողջունելով Ալմաթիի հանդիպումը՝ Փարիզն ըստ ամենայնի ողջունում է հավասարակշռության նշմարվող հեռանկարը, ի տարբերություն այն միակողմանիության, որ արձանագրվել է ապրիլի 19-ի հայտարարությամբ: Իմիջայլոց, «աչքի պոչով» նկատենք, որ սա տեղի է ունենում Չինաստանի նախագահի այցից հետո:

Ի դեպ, որ ապրիլի 19-ը միակողմանի էր, բավականին թափանցիկ դիվանագիտական լեզվով օրերս արտահայտել էր նաև Ֆրանսիայի դեսպանը՝ «Ազատության» եթերում:

Եվ դարձյալ, ի դեպ, Փարիզը ողջունել է՞ր բանակցության բեռլինյան փուլը: Անկեղծ՝ չեմ հիշում»:

Տեսանյութեր

Լրահոս