2024թ. առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
Հայաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14.4 տոկոսով՝ կազմելով 3 մլն 437.1 հազար տոննա: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Այս տարվա մարտին փոխադրվել է 1 մլն 261.6 հազար տոննա բեռ, ինչը 6.4 տոկոսով գերազանցում է փետրվարի ցուցանիշը, սակայն 17.2 տոկոսով քիչ է նախորդ տարվա մարտի արդյունքից:
2023 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում նկատելիորեն կրճատվել է երկաթուղային փոխադրումների ծավալը՝ 62.5 տոկոսով: Նշված ժամանակահատվածում այդ միջոցով փոխադրվել է 287.5 հազար տոննա բեռ, որից 109.8 հազարը՝ մարտին: Դա 6.6 տոկոսով գերազանցում է այս տարվա փետրվարի ցուցանիշը, սակայն 59.2 տոկոսով քիչ է, նախորդ տարվա մարտի ծավալից:
Փոխարենը, այս տարվա առաջին եռամսյակում 20.3 տոկոսով աճել է օդային բեռնափոխադրումների ծավալը (ցուցանիշներում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների կողմից իրականացված բեռնափոխադրումները)՝ հասնելով 8.9 հազար տոննայի, որից 3.6 հազարը՝ մարտին: Մեկամսյա կտրվածքով փետրվարի ցուցանիշը գերազանցվել է 24.1, իսկ 2023-ի մարտինը՝ 28.6 տոկոսով:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 3.1 տոկոսով զիջել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին՝ կազմելով 2 մլն 481.5 հազար տոննա: Այդ ծավալից 948.1 հազար տոննան տեղափոխվել է մարտին: Դա 10.5 տոկոսով գերազանցում է փետրվարի ցուցանիշը, սակայն 12.1 տոկոսով զիջում է նախորդ տարվա մարտի արդյունքին:
Մայրուղային խողովակաշարերով իրականացված բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին եռամսյակում 2.8 տոկոսով քիչ է 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ 659.2 հազար տոննա: Մարտին այդ միջոցով փոխադրվել է 200.1 հազար տոննա բեռ: Դա 2.2 անգամ գերազանցում է այս տարվա փետրվարի և 16.1 տոկոսով՝ անցյալ տարվա մարտի ցուցանիշը: