Իրանցի սահմանապահները կանխել են Աֆղանստանից երկու տոննա թմրանյութի մուտքը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի սահմանապահներն այսօր առավոտյան Աֆղանստանին սահմանակից Սիստան-Բելուջիստան նահանգում առգրավել են 2 տոննա թմրանյութ:
Նշվում է, որ իրանական ոստիկանությունը կրակել է մաքսանենգների վրա և սկսված փոխհրաձգությունից հետո մաքսանենգները ստիպված են եղել փախչել Աֆղանստան:
Իրանի Սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ Ահմադ Գարավանդը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում առգրաված թմրանյութի քանակը քառակի գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում առգրաված թմրանյութի քանակը:
Վառելիքի մաքսանենգության հետ կապված՝ Գարավանդը հայտարարել է, որ առգրաված վառելիքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 113 տոկոսով:
Հիշեցնենք, որ Իրանում վառելիքը շատ ավելի էժան է, քան հարևան երկրներում, ինչն էլ մեծապես խթանում է վառելիքի մաքսանենգությունը: Մյուս կողմից էլ Իրանը սահմանակցում է թմրանյութերի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար Աֆղանստանի հետ, որին բաժին է ընկնում համաշխարհային «սև շուկայում» հայտնված ափիոնի 90 տոկոսը: