Կիրանցում ոստիկանության հետ բախումների հետևանքով կան տուժածներ
Այսօր` երեկոյան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի, Տավուշի մարզային ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի, բազմաթիվ սև բերետավորների` Կիրանց այցի ընթացքում բախումներ հրահրվեցին, որոնց հետևանքով կան տուժածներ։
Կանանցից մեկը` կիրանցեցի տիկին Ալվարդը, հրաժարվեց հոսպիտալացվել։ Նրան բուժօգնություն տրամադրվեց հենց տեղում։ Վերջինս բարձր ճնշում ուներ և վնասել էր ոտքը։ Եվս 3 աղջիկներ սրտխառնոց ունեին. ուղեղի ցնցման կասկածանքով վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց։
NewDay.am կայքի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց` ինքը լուրջ վնասվածքներ չունի։
«Ես իրադարձությունների կիզակետում էի, սեղմվել էի մարդկանց արանքում։ Ինձ դուրս բերեցին մեկ սև բերետավոր ոստիկան ու մի քաղաքացիական անձ։ Պարզապես ճնշումս էր բարձրացել ու սրտխփոց ունեի։ Ինձ բուժօգնություն տրամադրվել է։ Այժմ ինձ լավ եմ զգում»,- ասաց Անի Գևորգյանը։