ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
Իրանի համար «շաբաթների, այլ ոչ թե ամիսների» հարց է բավարար քանակությամբ հարստացված ուրան ունենալը ատոմային ռումբ ստեղծելու համար: Ապրիլի 22-ին Deutsche Welle-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ թեև ուրանի հարստացման մակարդակը, որն Իրանում գրեթե հասցվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակի, մտահոգություններ է առաջացնում, այնուամենայնիվ, չի կարելի եզրակացություն անել, որ Իրանը նման զենք արդեն ունի։
Գրոսիի խոսքով՝ գործող միջուկային մարտագլխիկի ստեղծումը, հարստացված ուրանի արտադրությունից բացի, պահանջում է «բազմաթիվ այլ բաներ», օրինակ՝ փորձարկումների անցկացում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչն ապրիլի 22-ին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի ենթարկվել վերանայման և նախկինի նման չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։