Բաժիններ՝

«Արմավիայի» որոշ չվերթներ արդեն հետաձգվել են. օդաչուները հրաժարվել են թռչել

Չնայած   պաշտոնական տարածած հաղորդագրության մեջ «Արմավիան» հայտարարել էր,  որ ապրիլի 1-ից է դադարեցնելու է չվերթները, սակայն չվերթներն դադարեցվել են այսօրվանից: «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան  168.am-ին հայտնեց, որ մարտի 29-ին նախատեսված դեպի  Դուբայ, Մոսկվա (կեսօրին և երեկոյան) և Կրասնոդար չվերթները չեղյալ են համարվել: Չեղյալ են համարվել վաղվա թռիչքները:

Նանա Ավետիսովան ասաց, որ այսօր օդաչուներն են հրաժարվել օդ բարձրանալ: Հարցին, թե ո՞րն է եղել օդաչուների պահվածքի պատճառը, արդյոք կա՞ աշխատավարձերի խնդիր, ընկերության մամուլի քարտուղարն արձագանքեց. «Չգիտեմ, իրենց հարցրեք, իրենք բողոքում են թերթերին, միգուցե ձեզ էլ կբողոքեն, կլացեն»:

Նա վստահեցրեց, որ ապրիլի 1-ից բոլոր այն ուղևորներին, ովքեր «Արմավիայի» իրականացրած չվերթներից որևէ մեկի ավիատոմս էին գնել,  կվերադարձվեն տոմսերի ամբողջական գումարները:

Ինչ վերաբերում է այսօրվա և վաղվա թռիչքներին, Նանա Ավեստիսովան, վստահեցրեց, որ հնարավորության սահմաններում այլ ավիաընկերությունների չվերթներով են ուղարկում, իսկ նրանց, ում այդպես էլ չի հաջողվում ինքնաթիռ բարձրանալ, կստանան տոմսերի գումարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս