Պարգևատրվել են գիտության ոլորտը լուսաբանող լրագրողները
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր պարգևատրվել են գիտության հիմնախնդիրները լուսաբանող լրագրողները:
Հիշեցնենք, որ Կարեն և Սամվել Կարապետյանների կողմից ստեղծված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը տարբեր ոլորտային ծրագրեր է իրականացնում ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, Ջավախքում, Սփյուռքում: Նույնը կարելի է ասել նաև ոլորտների մասին: Ըստ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարի՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության հետ հայտարարված գիտական լրագրության մրցույթի ընթացքում այսօր «Էրեբունի պլազա» կենտրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվել են մրցույթի 14 մասնակիցները՝ գիտության ոլորտի հիմնախնդիրները ԶԼՄ-ներում ակտիվորեն լուսաբանելու համար: Մրցույթի հաղթողը ստացել է 500 հազար դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 400 հազար դրամ, երրորդ մրցանակակիրը՝ 300 հազար դրամ: Մյուս 11 մասնակիցները պարգևատրվել են 150 հազարական դրամով:
ՊԳՖԱ ներկայացուցիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը շնորհակալություն հայտնելով Կարապետյանների ընտանիքին՝ նշել է, որ «Տաշիր» ԲՀ համատեղ իրականացվող նման ծրագրերը նախ և առաջ մշակույթ են ձևավորում: Այսպիսով հնարավոր է դառնում ոչ միայն կոնկրետ աջակցություններ իրականացնել, այլ նաև պետության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել գիտության ոլորտի խնդիրների վրա: Իշխանյանը նաև շեշտեց, որ էապես մեծացել է հետաքրքրությունը գիտական թեմաներով հրապարակումների նկատմամբ: