Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը, որպեսզի չգոռա. Փաստաբան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի պաշտպանները բավարար ապացույցներ ունեն, որ մեկուսարան տեղափոխելու ընթացքում նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ձերբակալվածի նկատմամբ բռնություն է կիրառվել, ասել էր` դա դեռ պետք է պարզել։ Մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն Վարդանյանին ծեծի ենթարկելու փաստով արդեն գործ է հարուցել։
Փաստաբանն ընդգծեց, որ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են Վարդանյանին դուրս բերում քրեակատարողական հիմնարկից, և նրա տաբատի վրա խոտի հետքեր չեն եղել: Մինչդեռ, երբ նրան բերել են մեկուսարան, տաբատի վրա արդեն թարմ խոտի հետքեր են եղել։ Բացի այդ, արդեն կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, և Վարդանյանի բոլոր վնասվածքներն արձանագրվել են:
«Միջադեպի ժամանակ Վարդանյանի ձեռքերը ոլորել են մեջքի հետևում, ձեռնաշղթաներ են եղել, իսկ արդեն խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը փակել է նրա բերանը, որպեսզի չբղավի։ Վարդանյանը լիովին անպաշտպան վիճակում է եղել»,– նշեց իրավաբանը:
Հարությունյանը մտահոգված է նաև դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հարցում իրավապահ մարմինների դանդաղկոտությամբ: Նա համոզված է, որ գործը կփորձեն կոծկել, բայց վստահեցրեց՝ փաստաբանների խումբն ամեն ինչ անելու է, որ իրավապահ մարմինները հանկարծ անգործություն չդրսևորեն, իսկ ներգրավված անձինք պատասխանատվության ենթարկվեն։