Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պատրաստվում է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անցած գիշեր հրամայել է երկրի հրթիռային զորքերը բերել մարտական պատրաստության՝ ԱՄՆ-ի բուն (մայրցամաքային) տարածքին, ինչպես նաև Հարավային Կորեայում ու Խաղաղ օվկիանոսում (Հավայան ու Գուամ կղզիներում) ամերիկյան ռազմաբազաներին հնարավոր հարված հասցնելու համար:

Փխենայում անցկացվել է հանրահավաք՝ ի աջակցություն երկրի ղեկավարության: Հյուսիսային Կորեայի առաջնորդի ստորագրած այդ վերջնական պլանում նշված է հակառակորդի կողմից սադրանքների դեպքում նշված վայրերին հրթիռային հարված հասցնելու մասին:

Հարավային Կորեայի փորձագետների տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում մարտական ծառայության է բերվել մոտ 1000 բալիստիկ հրթիռ, որոնցից 700-ը հանդիսանում են խորհրդային «Սկադ» արդիականացված հրթիռները, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է 300-500 կիլոմետր, ինչպես նաև մոտ 300 «Նոդոն» բալիստիկ հրթիռները, որոնց գործունեության հեռահարությունը կազմում է 1300 կիլոմետր: Դրանք կարող են խոցել Հարավային Կորեայում և Ճապոնիայի տարածքի մեծ մասում եղած թիրախները:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին շարունակում է լարված մնալ իրավիճակը Կորեական թերակղզում: Ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ մասշտաբային զորավարժությունների սկսման՝ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած ճանաչեց ուղիղ 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ տրվեց 1950-1953 թվականների Կորեական պատերազմին:

Հյուսիսային Կորեան հայտարարել է զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման մասին՝ Գուամ և Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև մայրցամաքում գտնվող ամերիկյան օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար:

Դրանից հետո ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ստորագրեցին ռազմական նոր արձանագրություն, որն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս միջամտել լոկալ (տեղական) միջադեպերին, մինչդեռ 1953 թվականից գործող ռազմական համաձայնագրով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը պետք է միջամտի միայն խոշորամասշտաբ հակամարտության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս