Բաժիններ՝

Գիտնականները առաջարկություններ են ներկայացրել Երևանում ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվել է «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը։

Նիստը վարել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ, գիտաշխատողներ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ Շրջակա միջավայրի նախարարությունից, ԲՈՒՀ-երից, փորձագետներ։

Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը ելույթներում նշել են, որ ծրագրի վերաբերյալ իրենց ղեկավարած գիտական կառույցներին չեն դիմել կարծիք ստանալու համար, հետևաբար, իրենք ծրագրի վերաբերյալ կարծիք չեն տրամադրել։

Նշվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը գիտական շրջանակներից հիմնավոր փաստաթուղթ կստանա:

Ռուբեն Հարությունյանն ընդգծել է այդ հայտարարությունը և հավելել, որ այն հաստատում է ծրագրում խնդիրների առկայությունը, որոնք չի կարելի անտեսել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեջբերել է 2023 թվականի փետրվարի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովը, որին մասնակցել են գիտնականներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից և կենտրոններից։ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները նշել են, որ գիտաժողովին մասնակցությունը գիտական հաստատության պաշտոնական կարծիքի տրամադրում չէ, և ծրագրում ներգրավված գիտնականները ներկայացրել են սեփական տեսակետերը՝ ակադեմիական ազատության իրենց իրավունքի շրջանակում։ Հանրությանը չի ներկայացվել որևէ գիտահեն հիմնավորում, որտեղ ամփոփված կլինեին առկա խնդիրները և դրանցից բխող հետագա քայլերը:

Գնահատելով քննարկման արդյունավետությունը՝ նիստի մասնակիցները ներկայացրել են հետևյալ խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները․

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և նրա կազմում գործող գիտահետազոտական մասնագիտացված կառույցները, այդ թվում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը չեն ստացել և քննարկել «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը և, հետևաբար, չեն ներկայացրել մասնագիտական կարծիք ծրագրի վերաբերյալ։
ՀՈԱԿ-ին առաջարկվում է ներկայացնել ծրագիրը վերոնշյալ մասնագիտական կառույցներին բազմակողմանի և համապարփակ քննարկում կազմակերպելու համար, քանի որ մասնակից բոլոր գիտահետազոտական կառույցների գիտնականները մի շարք առաջարկություններ և մտահոգություններ հնչեցրին իրականացվող ծրագրի վերաբերյալ, որոնք կարող են ամփոփվել միայն ծրագրի ամբողջական քննարկման արդյունքներով։

Մասնակիցները ողջունելի համարեցին «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից գիտահեն որոշումներին ուղղված քայլերը, սակայն նման լայնամասշտաբ ծրագրերի քննարկումը կառույցի կողմից ստեղծված գիտական խորհրդում՝ փորձագիտական մակարդակում բավարար չէ: Նիստի ընթացքում գիտնականների կողմից ներկայացված բազմաթիվ մտահոգություններ, բացեր և հարցադրումներ պահանջում են հետազոտություններ և առկա տեղեկատվության վերլուծություն։
ՀՈԱԿ-ին առաջարկվում է պատվիրակել մասնագիտացված կառույցներին հետազոտություն, այդ թվում ծառագիտական, առաջարկվող տեսակների կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանության, սանիտարական ռիսկերի (վնասատուների տարածման) էկոլոգիական ռիսկերի (փոշի, աղմուկ և այլն), առողջապահական և այլ տեսանկյուններից, որը հնարավորություն կտա որոշում կայացնող մարմնին ավելի արդյունավետ իրականացնել կանաչապատման միջոցառումները և հանրության հետ հաղորդակցությունը։ Ներկայացնել ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցներին այն գիտական, հետազոտական հենքերը, որոնց հիման վրա որոշում է կայացվել սկսել ծառերի փոխարինումը։ ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան կարծիք:

Ծառերի փոխարինման ծրագիրն արդիական է, սակայն ունի կարճաժամկետ բնույթ, և անհրաժեշտ է դիտարկել կանաչապատման և այլ բնապահպանական միջոցառումների իրականացումն ավելի երկարաժամկետ նպատակների և խնդիրների լուծման տեսանկյունից, այդ թվում` ֆունկցիոնալ կանաչապատման, բնահեն լուծումների և լանդշաֆտային-ճարտարապետական առաջադեմ լուծումների կիրառմամբ։
Առաջարկվում է մշակել Երևան քաղաքի երկարաժամկետ բնապահպանական ռազմավարություն։ ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցները պատրաստակամ են համագործակցել և իրենց ներդրումն ունենալ հանուն կանաչ և էկոլոգիապես առողջ Երևանի։

4․ Բարձրաձայնվել և քննարկվել են ծառերի կենսունակության վերաբերյալ տրվող գնահատականի հիմքերը։ Մասնավորապես, նշվեց ծառերի կենսունակության և տապալման ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ սարքավորումների կիրառման կարևորությունը։

Առաջարկվում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել ծառի կենսունակությունը, յուրաքանչյուր հատվող ծառի պարագայում ներկայացնել կենսունակության հետազոտության արդյունքները, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հանրության շրջանում։ ՀՀ ԳԱԱ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս